
Դեղատոմսերի պարտադրանքի թնջուկը. ոլորտի մասնագետները դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը հապճեպ են համարում

Առողջապահության ոլորտի մասնագետները դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը հապճեպ են համարում՝ նշելով, որ համակարգի բոլոր նրբությունները հասու չէին հասարակ քաղաքացուն ու անգամ բժշկին: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում սրտաբան Տիգրան Պողոսյանն ասաց, որ դեղերի ազատ վաճառքի պայմաններում ականատես է եղել, թե ինչպես է դեղատան աշխատողը երեխայի համար հակաբիոտիկ նշանակում, ինչն անընդունելի է: «Դեղատոմսի պարտադիր ներդրումը շատ ճիշտ կողմեր ունի, սակայն ժողովրդին և բժիշկներին հասանելի չէին գործընթացի ներդրման բոլոր մանրամասները: Որոշումը միանգամից եղավ, պետք էր այս առիթով դասընթացներ կազմակերպել, իրազեկման ակտիվ աշխատանքներ անցկացնել»,- ասաց նա:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ֆիզիոթերապևտիկ ծառայության ղեկավար, ընտանեկան բժիշկ Զառա Անդրեասյանն էլ ընդհանրապես դեմ է դեղատոմսի պարտադիր ներդրման կարգին: Ըստ բժշկի՝ դա ոչ միայն հավելյալ ծախս է հիվանդի, նաեւ բժշկի համար: «Դեղ գնելու համար հիվանդներն այսուհետ պետք է մոտենան բժիշկներին, վճարեն կոնսուլտացիայի գումարը` նվազագույնը 5000 դրամ, որ վերջինս իրենց համար դեղատոմս դուրս գրի: Իսկ բժիշկներն էլ պետք է համապատասխան անձնական կնիք ձեռք բերեն, որպեսզի այդ դեղատոմսը օրինական ճանաչվի: Հիմա չգիտեմ՝ այդ կնիքը 30, թե 35 հազար է, բայց բժիշկն այն պարտադիր պետք է ունենա, որ կարողանա դեղատոմս դուրս գրել»,- ասաց նա: Զառա Անդրեասյանը հարցի միակ լուծումը տեսնում է լավ դեղագետներ պատրաստելու մեջ: «Մեզ պետք են լավ պատրաստված դեղագետներ»,- հավելեց նա:
Դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումն ակտիվ քննարկումների եւ դժգոհությունների թեժ թեմա է դարձել նաեւ համացանցում: Ֆեյսբուքյան օգտատերերից Սեդա Բադալյանը պատմել է, թե ինչպես է դեղ գնելու համար քաշքշուկների մեջ ընկել: «Գնացել էի բժշկի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Համապատասխան բժիշկն ստուգեց ու սովորական դեղատոմս գրեց, որով ինձ ոչ մի դեղ չտվեցին: Հետ եկա հիվանդանոց այստեղ ասացին, որ այլ տարբերակ չկա, հարկավոր է պառկել, համապատասխան բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում՝ հետագա բուժումը տանը ստանալու պայմանով՝ այլ տարբերակ չունենալով՝ համաձայնեցի (վճարովի):
Ասացին, որ ըստ նոր օրենքի հետազոտության էպիկրիզը հաջորդ օրը պետք է տանել տեղամասային պոլիկլինիկա, որովհետև միայն իրենք են ստանում համապատասխան բլանկ-թերթիկները՝ էպիկրիզի մեջ գրված-նշանակված դեղերը գրեն այդ թերթիկի վրա, կնքեն, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի դեղատնից գնել դեղերը:
Այսօր գնացել եմ հիվանդանոց, վերցրել էպիկրիզը տարել պոլիկլինիկա, որտեղ ինձ մեկ տասնյակ դուռ ծեծել տվեցին, մոտ 4 ժամ հերթ եմ կանգնել միայն ու պարզվեց ոչ ոք իրավասու չի թերթիկը տալու»,- գրել է օգտատերը:
Թեև Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ բոլոր առողջապահական հիմնարկները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ դեղատոմսերով, բազմաթիվ էին դեպքերը, որ մարտի 3-ի դրությամբ բժշկական հաստատությունները չունեին դեղատոմսեր: Ֆեյսբուքյան օգտատերերը բողոքում են, որ առողջապահական հիմնարկները հետաձգում են դեղերի դուրս գրումը` դեղատոմսեր չունենալու պատճառով:
Օրերս լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերը հաստատված չեն առողջապահության նախարարի կողմից, ինչին ի պատասխան նախարարությունն արձագանքեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքը նախարարի հրամանով դեղերի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերի հաստատման պահանջ չի սահմանում: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն առողջապահության նախարարությունը իրավական ակտով հաստատում է միայն դեղի գրանցված լինելը: Գրանցված դեղի մասին բոլոր տեղեկությունները, այդ թվում պատկանելիությունը դեղատոմսով կամ առանց դեղատոմսի ցանկերին, ընդգրկվում է գրանցամատյանում:
Մարտի 6-ին արդեն կառավարությունն իր նիստի օրակարգում ներառեց դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու նախագիծը: Դեղերի դեղատոմսով բաց թողնելու գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ: Նախարարությունը նպատակ ունի ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ: Այսինքն՝ քաղաքացիները ժամանակավորապես զերծ կմնան հիվանդանոցներում անհարկի քաշքշուկներից:
Այսպիսով՝ Կառավարության մարտի 6-ի որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու) ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի: