«Ոչ թե փնտրել ու չենք գտել, այլ՝ նպատակահարմար չենք գտել». Վաչե Տերտերյանը՝ Մանե Թանդիլյանի առաջարկի մասին

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցով դիմեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին. «Երբ ասում եք, որ նախապատվություն ենք տալիս կին թեկնածուին, ի՞նչ մեխանիզմներով եք այդ նախապատվությունն ապահովում»:

Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց.

«Մենք լիովին կիսում ենք այն մտահոգությունը, որ պետք է ունենանք գործուն մեխանիզմներ, որ կարողանանք այդ խնդրի ուծումը գտնել և իրավիճակը փոխել, բայց, բացի նրանից, որ մենք հայտարարել ենք, որ նախապատվությունը տալիս ենք կանանց, այս խնդիրը լուծելու ավելի գործուն և ռացիոնալ մեխանիզմներ այս պահին գոնե չենք տեսնում: Կառավարությունը հետագայում նպատակ ունի անցում կատարելու համամասնական համակարգի տեղական ինքնակառավարման համակարգում ևս, և համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում մենք կնախատեսենք այնպիսի կանոններ, ինչպիսին Ազգային ժողովի համար է»:

Մ. Թանդիլյանն ասաց, որ ինքը նաև լուծումն էր առաջարկել. «Բայց երբ լուծման մասին դուք ասում եք՝ արհեստական է, պետք է ասեմ, որ  ցուցակում ¼ կանանց ներգրավվածությունը նույնպես արհեստական է, ապագայում 1/3-ը նույնպես արհեստական է, և այլն, բայց դա մեխանիզմ է, որն ապահովում է կանանց ներգրավվածությունը: Այս առումով իմ առաջարկը, այո, արհեստական է, բայց դա լուծում է, որը դուք փնտրել ու չեք գտել»:

«Ոչ թե փնտրել ու չենք գտել, այլ՝ նպատակահարմար չենք գտել, որովհետև այդ կարգի լուծումներ կարելի է ոտքի վրա գրել: Բայց պետք է ակտիվ ամեն ինչ անենք, որ կանայք ակտիվ ներգրավվեն»,- ասաց փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս