«Սերժ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ…». Դավիթ Մանուկյան
«Սերժ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ քննարկելը, կամ չգիտեմ, ավել ինչ-որ բան ասելը, տեղին չեմ համարում, կոռեկտ չի: Ինքը պատերազմի ակունքներից` 88-89 թվից մինչև օրս, պատերազմի թոհ ու բոհերով անցած… կոռեկտ չէ քննարկելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը` հավելելով, որ Հանրապետականը դեռ պաշտոնապես թեկնածու չի առաջադրել, երբ կառաջադրի, ինքը կխոսի այդ մասին:
Հիշեցումը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի առաջադրվելու, Դ. Մանուկյանը պրովոկացիոն հարց համարեց, և միաժամանակ նշեց, որ մարդ ամեն դեպքում պետք է իր խոսքի տերը լինի: Ըստ նրա` ՀՀԿ-ականների խոսքերը, որ Սերժ Սարգսյանը միակ արժանի թեկնածուն է, մարդկանց սրտի ցանկությունն է, և մարդիկ արտահայտվում են. «Կյանքում շատ իրավիճակներ կան, որոնք կարող են փոխվել, կարող են չփոխվել: Ես խորհուրդ կտամ՝ չշտապեք»:
Անդրադառնալով վարչապետի ընտրության ժամկետը մայիսի 2-ից ապրիլի 17 տեղափոխելու հարցին, Մանուկյանը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում. «5 օր շուտ, 5 օր ուշ, դա ինչ-որ բան է փոխո՞ւմ»: