«Ելքի» պատգամավորն առաջարկում է ԱԽ կազմում ընդգրկել միայն ՀՀ վարչապետին և Շախմատի ֆեդերացիայի նախագահին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այս խորհրդում ներգրավված չեն Հանրապետության նախագահը և ԱԺ նախագահը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իր առաջարկը. «Ես նախորդիվ այս օրենքի նախագծի մասին իմ կարծիքը հայտնել եմ: Ասում էի, որ դեմ եմ, որ ՀՀ նախագահը և ԱԺ նախագահն Անվտանգության խորհրդի կազմից հանվեն: Հետո ես երկար մտածեցի այս առաջարկվող գծի մասին և հասկացա, որ այստեղ շատ լուրջ տրամաբանություն կա:
Առաջարկում եմ, որ գործադիրը հետայսու ավելի հետևողական լինի իր այս գծի մեջ ու անի հետևյալ փոփոխությունը. բոլոր այն մարդիկ, ովքեր գրված են Անվտանգության խորհրդում, այդ ինստիտուտները հանել ու սահմանել, որ Անվտանգության խորհրդի անդամ կարող են լինել ՀՀ վարչապետը և Շախմատի ֆեդերացիայի նախագահը: Ժողովրդական խոսք կա՝ մեխն էլ է ձեր ձեռքը, մուրճն էլ, խփեք՝ թող գնա, մինչև տեսնեք՝ կա՛մ մեխը կջարդվի, կա՛մ մուրճը»: