Կառավարությունը որոշակի փոփոխություններ է իրականացրել Անվտանգության խորհրդի մասին օրենքում

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի նախագիծը հեղինակի կողմից ենթարկվել է  որոշակի փոփոխությունների: Նրա խոսքով՝ այդ փոփոխությունների մի մասը կատարվել է՝ հարցը քննարկելով պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Խոսրով Հարությունյանի հետ:

«Առաջին փոփոխությունը վերաբերում է այն հոդվածին, որով նախատեսված է, որ  վարչապետի առաջարկությամբ Անվտանգության խորհուրդը կարող է քննարկել որոշակի հարցեր: Քանի որ օրակարգը ձևավորում է վարչապետը, և նա էլ առաջարկում է  հարցերի քննարկումը, դրա համար «կարող է» բառը իմասատազուրկ է, դա փոխարինվում է «քննարկում է» բառով: 4-րդ հոդվածում բաց է մնացել այն, որ նիստերը վարում է վարչապետը: Մենք այդ բացն ենք լրացրել Խոսրով Հարությունյանի առաջարկով:

Օրենքում գրված է, որ Անվտանգության խորհրդի անդամներն իրավասու են առաջարկություններ ներկայացնել Անվտանգության խորհրդի օրակարգի վերբերյալ: Պարոն Նահապետյանի առաջարկությամբ մենք ավելացրել ենք՝ ոչ միայն օրակարգի, այլև փաստաթղթերի վերաբերյալ»,- նշեց փոխնախարարը:

Նա նաև ասաց, որ հստակեցվել է, որ Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները ստորագրում է վարչապետը:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այս խորհրդում ներգրավված չեն հանրապետության նախագահը և ԱԺ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս