«Ոստիկանությունը քաղաքականություն չի վարում, իսկ ՊՆ-ն` վարում է». Դավիթ Հարությունյանը՝ կառավարության ենթակա մարմինների մասին

Այսօր ԱԺ Խետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովների նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքների փաթեթը:

Նախագծով սահմանվում է, որ կառավարությանը ենթակա մարմիններն են՝

1) Պետական եկամուտների կոմիտեն,

2) Քաղաքաշինության կոմիտեն,

3) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն,

4) Վիճակագրական կոմիտեն,

5) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն,

6) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը,

7) Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը,

8) Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը,

9) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը,

10) Կրթության տեսչական մարմինը,

11) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Վարչապետին ենթակա մարմինները գործում են Ազգային անվտանգության, Ոստիկանության, պետական պահպանության և պետական վերահսկողության ոլորտներում: Այդ մարմիններն են՝

1) Ազգային անվտանգության ծառայությունը,

2) Ոստիկանությունը,

3) Պետական պահպանության ծառայությունը,

4) Պետական վերահսկողական ծառայությունը:

Նախարարությանը ենթակա մարմինները գործում են նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:

Դ.Հարությունյանը նշեց, որ փոփոխություն է կատարվում քննչական մարմիների ձևավորման մեջ, առաջարկվում է, որ վարչապետի առաջարկությամբ դրանք նշանակվում են կառավարության կողմից: Ըստ նրա` փոխվում է կոչումների տրամադրման կարգը, վարչապետի աշխատակազմում գործող հատուկ կառույցը զբաղվելու է տեսչական մարմինների գործունեության որակի խնդրով, և այլն: Սահմանվում է, որ տեսչական մարմինների կողմից նշանակված տուգանքները չեն կարող ուղղվել արտաբյուջե:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը որևէ կերպ չեն տարբերվում, օրինակ` Պաշտպանության կամ Առողջապահության նախարարություններից: Նա հարցադրում արեց` ինչո՞ւ նախարարության կարգավիճակ չտրվի դրանց. «Ավելին` Ոստիկանությունն ամենահզոր նախարարությունն է՝ իր բովանդակությամբ, իր հատկանիշներով»:

Դ.Հարությունյանի կարծիքով` պետականաշինության տեսանկյունից ահռելի տարբերություն կան Ոստիկանության և Պաշտպանության նախարարության միջև, մասնավորապես` Ոստիկանությունը քաղաքականություն չի վարում, իսկ ՊՆ-ն` վարում է. «Ես համաձայն չեմ Ձեզ հետ»:

Տեսանյութեր

Լրահոս