«Շատ բան կախված է ոչ թե քաղաքական ուժերի լիդերներից, այլ՝ «opinion leader»-ներից». Քաղաքագետ
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը գտնում է՝ ժողովրդից է կախված՝ առաջիկայում ՀՀ ներքաղաքական կյանքում ակտիվացումներ կլինե՞ն, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ձեռքերը ծալած չի նստելու՝ հետևի, թե ինչպես է վերարտադրվում Սերժ Սարգսյանը:
168.am-ը քաղաքագետ Էդգար Վարդանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ մինչև ապրիլի 9-ը, երբ Ս. Սարգսյանը կդադարեցնի իր՝ նախագահի լիազորությունները, ներքաղաքական ակտիվացումներ լինեն:
Ի պատասխան՝ Է. Վարդանյանն ասաց. «Քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենք պատրաստ են պայքարելու Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ, բայց մյուս կողմից՝ ակնարկում են, որ շատ բան կախված է ժողովրդի ակտիվությունից: Եթե քաղաքացիները ցույց տան, որ իրենք չեն հանդուրժում այս ամենը և իսկապես պատրաստակամ են պայքարելու, այդ դեպքում իրենք կլինեն ժողովրդի հետ, կսպասարկեն ժողովրդի կարիքները, կկոորդինացնեն ժողովրդի բողոքը: Սա է կարևորը, սրա վրա պետք է շեշտը դնել: Ընդդիմադիր քաղաքական ուժերը, կարծում եմ, կարող են նաև համագործակցել այս օրակարգի շուրջ, բայց շատ բան կախված է նրանից, թե արդյոք նրանք կտեսնե՞ն, որ ժողովուրդն իսկապես իրենց սատարելու է, դուրս է գալու փողոց»:
Խոսելով այն մասին, թե արդյոք այդ խնդիրը ոտքի կհանի՞ ժողովրդին՝ Է. Վարդանյանն ասաց, որ դժվար է ասել՝ ժողովուրդը դուրս կգա՞ փողոց, թե՞ ոչ. «Հանրության լայն շրջանում կա անվստահություն քաղաքական ուժերի նկատմամբ, երկրորդ՝ կարևորություն շատ քիչ են տալիս այս քաղաքական գործընթացներին, ասում են՝ «դե, լավ, ասենք՝ Սերժ Սարգսյանը չէ, այլ ՀՀԿ-ական է, ի՞նչ է փոխվելու դրանից»: Երրորդ հանգամանքը կա նաև, որ կարող է հանրության ակտիվությունը զսպել, դա այն է, որ «ենթադրենք՝ մենք դուրս եկանք փողոց, ի՞նչ ենք մենք անելու, ի՞նչ պետք է անենք և մեր այդ գործողությունների արդյունքում՝ ի՞նչ կարող ենք ստանալ»: Այդ հստակությունը, կարծում եմ, հանրության մեջ չկա, հանրային դիսկուրսում չկա, կարծում եմ՝ դա չկա նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում, և սա ուղղակի խնդիր է»:
Հարցին՝ ինչքանո՞վ է ճիշտ այդ թեզով շարժվել՝ «եթե ժողովուրդը ոտքի ելնի, ակտիվանա…», մի՞թե դա ավելի շատ կախված չէ քաղաքական ուժերից և նրանց լիդերներից, թե որքանո՞վ նրանք կկարողանան ակտիվացնել հանրությանը և թելադրել այս կամ այն օրակարգը՝ քաղաքագետն այսպես պատասխանեց.
«Ես կարծում եմ՝ շատ բան կախված է ոչ թե քաղաքական ուժերի լիդերներից, այլ «opinion leader»-ներից՝ հանրային կարծիք ձևավորողներից կամ հանրային տրամադրությունների վրա ազդեցություն ունեցող հասարակական, քաղաքական քաղաքացիական մշակութային գործիչներից:
Եթե նրանք միահամուռ կերպով համոզված լինեն, որ պետք է պայքարել, պետք է ակտիվ ինչ-որ գործունեություն ծավալել, ուրեմն՝ այդպես էլ կլինի, եթե՝ ոչ, ուրեմն՝ քաղաքական ուժերն ինչ էլ անեն… Կարող են ցույց անել, որին կմասնակցի, ասենք, մի քանի հազար հոգի, և խնդիրն այստեղ հետևյալն է՝ երկրորդ, երրորդ ցույցին այդ մի քանի հազարը կդառնա՞ տասնյակ հազարներ: Կասկածում եմ, եթե այդ «opinion leader»-ները միահամուռ, կազմակերպված ձևով նույն մոտեցումները չցուցաբերեն այդ հարցում»: