«1915թ. վրեժը չե՞ք ուզում լուծվի. թող կռվեն, էլի. ինչքան շատ կռվեն, այնքան մեր օգուտն է». Լևոն Շիրինյան

«Սիրիան դարձավ խոշոր պետությունների մրցակցության ասպարեզ։ Սիրիան՝ որպես պետություն, մնում է, բայց շարունակում է արնահոսել, և դա երկար կշարունակվի, որովհետև ռուս-ամերիկյան հարաբերությունները բոլորովին չեն կարգավորվում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի գործողություններին, քաղաքագետը նկատեց՝ թող Էրդողանը Սիրիայում խրվի այնպես, ինչպես ժամանակին Սովետական Միությունը խրվեց Աֆղանստանում. «Դա կքայքայի Թուրքիայի պետությունը։ Մենք առողջություն պետք է ցանկանանք քրդերին, որ իրենց բարեկամ թուրքերի հետ իրենց հաշիվները մաքրեն, բայց լուծում չունենք, որ շատ կռվեն։ Դա մեզ համար ձեռնտու է»։

Հարցին՝ կարծիքներ կան, որ Հայաստանը պետք է աջակցի քրդերին՝ թեկուզ ինֆորմացիոն դաշտում, ինքն ի՞նչ կասի այս մասով, քաղաքագետն այսպես պատասխանեց.  «Հայաստանը պետք է ոչ մեկին չաջակցի այս պարագայում, բարոյական աջակցությունը լինի քրդերի կողմը։ Քրդերը մեր բարեկամները չեն, թուրքերն էլ մեր թշնամիներն են, ի՞նչ եք ուզում, թող կռվեն, էլի.  ինչքան շատ կռվեն, այնքան մեր օգուտն է։ Իսկ մտնել այդ խաղի մեջ, որտեղ մի քանի երկիր՝ Ռուսաստանը, Ամերիկան, Ֆրանսիան, Իսրայելը, Անգլիան և այլն, Հայաստանն այդտեղ ի՞նչ գործ ունի։ Մենք ուզում ենք էլի ուրիշի փոխարեն մտնենք, գլուխներս դնենք դանակի տակ։ Եթե Աֆրինը վերածվի Աֆղանստանի թուրքերի համար, դա լավ կլինի.  բարոյապես աջակցեք քրդերին, գովեք, որ լավ կռվեն թուրքերի դեմ, այսքան բան»։

Հայաստանի անելիքը, ըստ նրա՝ պետք է լինի՝ չխառնվել այդ գործին, բայց բարոյական աջակցություն հայտնել քրդերին. «Ինչպես որ մեզ են հարգել, սիրել, բայց ոչինչ չեն տվել։ Այդ ամենին չխառնվելն ակտիվ դիրքորոշում է։ Ինչքան քրդերը թուրք խփեն, և՝ հակառակը, այդքան մեզ ձեռք է տալիս։ 1915թ. վրեժը չե՞ք ուզում լուծվի, իրենք են այդ ամենն արել։ Հիմա մեր հայրենիքը պետականորեն օկուպացված է Թուրքիայի կողմից, բայց Արևմտյան Հայաստանի տերն ու տնօրենը քուրդն է, որի՞ն եք ուզում օգնել։ Ես ուզում եմ՝ Թուրքիան քայքայվի, թող քրդական հարցը քայքայի այդ պետությունը, թող վերքն արյունածոր լինի։ Այս պայմաններում, երբ Թուրքիան զբաղված է, պետք է կարողանանք Ադրբեջանի հարցը լուծել։ Թուրքիան խրվել է, ինչը մեզ թույլ է տալիս լինել ավելի ակտիվ, ավելի հարձակողական և մարտունակ արցախյան ճակատում և շարժվել առաջ՝ Քուռ-արաքսյան խառնարան։ Դա է մեր պետության շահը, ուրիշ շահ չունենք»։

Տեսանյութեր

Լրահոս