Բաժիններ՝

Շիրակի մարզը կարող է կանգնել լուրջ խնդրի առջև՝ ջրամբարներում ջուր չկա

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության տվյալների համաձայն՝ մարզի ջրամբարներում ջուր չկա, և, եթե այս կերպ շարունակվի, ու անձրևներ չգան, ապա մենք մեծ խնդրի առջև կկանգնենք:

Պատճառներից մեկն այն է, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, տաք եղանակի հետևանքով ջրամբարներից ջրի գոլորշիացումն ավելի ինտենսիվ կերպով է տեղի ունեցել, ձյան տեսքով տեղումների քանակն էլ քիչ է եղել, եղածն ձյունն էլ ջրի վերածվելով՝ արագ գոլորշիացել է:

Թեև մարզի լեռնային շրջաններում առկա է ձյան հաստ շերտ, սակայն դրանից առաջացած ջուրը ջրամբարներում կուտակելու կամ դեպի ջրամբարներ ուղղելու համար մարզպետարանի գյուղվարչությունը տեխնիկական միջոցներ չունի:

Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն Շիրակի մարզի ջրամբարները:

Կարդացեք նաև

Նախևառաջ՝ նշենք, որ Թուրքիայի հետ սահմանային Ախուրյան գետի վրա գործում է Ախուրյանի ջրամբարը, որն իր 526 մլն մ3 ծավալով՝ խոշորագույնն է հանրապետությունում: Շիրակի մարզում գործող ջրամբարների կողքին առկա է նաև այնպիսի ջրամբար, որի կառուցումն անավարտ է մնացել, սակայն մի շարք հողատարածքներ ոռոգելու համար դրա կառուցումն ավարտին հասցնելը շատ կարևոր նշանակություն ունի:

Խոսքը Կապսի ջրամբարի մասին է, որը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին՝ Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։

Այս ջրամբարի շինարարությունը 1985 թվականին է սկսվել։ Շինարարական աշխատանքները մինչև 1989 թվականի սկիզբը կատարվել են՝ ըստ ժամանակացույցի։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացել են և վերջնականապես կասեցվել 1993 թվականին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն՝ հասցվել էր ընդամենը 20 մետրի:

Շինարարության նշված ժամանակահատվածում կառուցվել է ջրամբարի վերին անջրպետը, շինարարական թունելը, իռիգացիոն թունելը, պատվարի կիրճային մասի հատվածը, աջ և ձախ մասերի պատնեշների որոշ հատվածները, ինչպես նաև կատարվել են ցեմենտավորման որոշ աշխատանքներ։

ՀՀ կառավարությունը դեռևս 2013 թվականի օգոստոսի 8-ի նիստում հավանություն էր տվել Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է եղել ջրամբարի վերականգնմանը, մասնավորապես` պատվարի բարձրացմանը, որի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր պետք է մատակարարվեր նախագծում ընդգրկված համայնքներին՝ Ախուրիկին, Երազգավորսին, Ղարիբջանյանին, Գետքին, Բայանդուրին, Շիրակավանին և Լուսաղբյուրին։

Ջրամբարի կառուցման առաջին փուլի ընթացքում նախատեսվում էր Կապսի ջրամբարի կառուցում՝ 55մ պատվարի բարձրությամբ: Այդ նպատակով ծախսվելու էր 60 մլն եվրո գումար:

Կապսի ջրամբարի կառուցման 1-ին փուլով նախատեսվում էր ոռոգելի դարձնել 12325 հեկտար հողատարածք, իսկ 2-րդ փուլով՝ 2200 հեկտար:

Ջրամբարի կառուցման երկրորդ փուլի ընթացքում ծախսվելու էր 70 մլն եվրո գումար՝ ճնշումային խողովակաշարի, ոռոգման ներտնտեսային ցանցի և նոր տեխնոլոգիաների տեղադրման համար:

Թե ի՞նչ պատճառով մինչ օրս Կապսի ջրամբարի կառուցումն ավարտին չի հասցվել՝ Շիրակի մարզպետարանից չեն մանրամասնում:

Ինչ վերաբերում է մարզի ջրամբարների առանձնահատկություններին, ապա դրանք, ըստ ոլորտի մասնագետների, ունեն փոքր խորություն, բայց մեծ մակերես: Հետևաբար՝ տաք եղանակներին մեր ջրամբարներից տեղի է ունենում ջրի ինտենսիվ գոլորշիացում. Այսինքն՝ մենք համեմատաբար փոքր ժամանակահատվածում ջրի մեծ կորուստ ենք ունենում:

Մյուս առանձնահատկությունն այն է, որ ջրամբարների հատակը համարյա չի մաքրվում: Մինչդեռ ջրամբարների հատակին առկա նստվածքը փոքրացնում է ջրամբարի խորությունը, հետևաբար՝ դրանցում շատ ջուր կուտակելու հնարավորությունն էլ է փոքրանում: Այդ պատճառով հարկավոր է ժամանակ առ ժամանակ ջրամբարների հատակը մաքրել կուտակված նստվածքից:

Տաք եղանակների ազդեցությունը Շիրակի մարզի գյուղատնտեսության վրա

Թեև Շիրակի մարզում շատերն ուրախ էին, որ տաք եղանակների շնորհիվ կարելի է վառելիք տնտեսել, սակայն ձմռան ընթացքում պարզ դարձավ, որ սակավ ձնհալի պատճառով հնարավոր է՝ քիչ բերք ունենանք, գյուղատնտեսական մթերքների քանակը կարող է քիչ լինել:

2017 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է ցանքատարածությունների և բերքատվության անկում: Նույնիսկ մի քանի համայնքներում մինչև 80 տոկոսի չափով բերքի կորուստ ենք ունեցել: Դաշտավարության ոլորտում անկումը կազմել է մոտ 40 տոկոս: Այդպիսի համայնքներից են Բագրավանը և Ձիթհանքովը: Ունեցել ենք նաև խոշոր եղջերավոր անասունների անկում: Որպես փոխհատուցում՝ պետությունը 10 միլիոն դրամի չափով օգնել է բերքը կորցրած գյուղացիներին:

Շիրակի մարզի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն են եղել՝ ապահովել մարզի հողային ռեսուրսների նպատակային օգտագործումը, մասնավորապես` անմշակ հողերը դարձնել ինքնահոս եղանակով ոռոգելի, նպաստել եկամտաբեր մշակաբույսերի ներդրմանը, լրացնել անհրաժեշտ գյուղտեխնիկայի պակասը, նվազեցնել գյուղատնտեսական արտադրության ռիսկայնությունը, բարձրացնել վարկային միջոցների հասանելիությունը, ապահովել գյուղատնտեսական վարկերի հասանելիությունն աղքատ գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների համար, ստեղծել և զարգացնել գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, բարելավել ոռոգման համակարգը, մասնավորապես` կառուցել ինքնահոս համակարգեր, ջրամբարներ, վերակառուցել պոմպակայանները, վերականգնել ջրանցքները, բարելավել ոռոգման ներտնտեսային ցանցը, զարգացնել ջրօգտագործողների ընկերությունների կարողությունները` շահագործելու և պահպանելու երկրորդական և երրորդական ոռոգման համակարգերը, սերմնաբուծության համակարգի բարելավման միջոցով բարձրացնել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, համախառն արտադրանքի և արտադրության արդյունավետությունը, զարգացնել տնկարանային տնտեսության համակարգը` ստեղծելով մարզում բարձրորակ սերմերի (տնկանյութի) արտադրության ու օգտագործման պայմաններ, նպաստել եկամտաբեր այլ մշակաբույսերի ներդրմանը, մարզի գյուղատնտեսության մասնագիտացմանը համապատասխան` աջակցել գյուղատնտեսական հումքի` կարտոֆիլի, կաթի, մսի, բրդի, կաշվի վերամշակման կարողությունների զարգացմանը, վերամշակող կազմակերպությունների ստեղծմանը, արդյունավետության բարձրացմանն ու ընդլայնմանը, աջակցել գյուղմթերք արտադրողներին` արտադրանքը կազմակերպված իրացնելու, արտահանելու գործում, բարձրացնել գյուղմթերքի ապրանքայնության մակարդակը` գյուղացիական տնտեսությունների կայունությունը և գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը կրճատելու նպատակով, և այլն:

Սակայն այս ոլորտին վերաբերող ոչ բոլոր ծրագրերն են կյանքի կոչվել:

Օրինակ, որակյալ սերմերի արտադրության համար պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարզի գյուղատնտեսներն արտասահմանից հնարավորինս քիչ սերմեր ձեռք բերեն: Մինչդեռ, չնայած մարզում Սելեկցիոն կայանի առկայությանը, մեծամասամբ գյուղատնտեսները տեղական սերմերից չեն օգտվում:

Հավելենք, որ Շիրակի մարզում շարունակվելու է վառելիքի սուբսիդավորման ծրագրի իրականացումը:

Մարզի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման համար 2014-17 թվականներին ծախսվել է 17 մլրդ 271 մլն դրամ գումար:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս