Սպասելի որոշում

Հայաստանի Հանրապետությունը գարունը դիմավորեց առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում։ «168 Ժամի» հետ զրույցում ռուս, թուրք և շվեյցարացի փորձագետները գնահատել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը:

Տեղի ունեցածը սպասելի է որակել ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա՝ հայկական կողմը մեծ համբերությամբ սպասեց թուրքական կողմի որոշմանը, որն այս փուլում դրական ընթացք ունենալ չէր կարող: Սկակովի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի պատճառով: Ըստ նրա՝ արձանագրությունների հարցում Թուրքիայի անգործության պատճառը ոչ միայն հենց Էրդողանն էր, այլև Ադրբեջանը, որի համար հայ-թուրքական արձանագրությունների առկախված վիճակը ճնշման գործիք էր դարձել հայկական կողմի նկատմամբ՝ Արցախյան հակամարտությունում հայկական կողմի դիրքորոշումը մեղմելու նպատակով:

Շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսի խոսքով՝ բացի կողմերի դրած նախապայմաններից և պայմաններից, հայ-թուրքական արձանագրությունների վերջնական վավերացմանն ու իրականացմանը խոչընդոտեց գերտերությունների դիրքորոշումը: «2009 թվականին Ռուսաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ինտենսիվ զբաղվում էին այս հարցով, միջազգային հարաբերություններում չկար ներկայիս լարումը, ամեն բան շատ հեռու էր ՌԴ-ԱՄՆ ներկայիս հարաբերություններից և պատժամիջոցներից»,- նկատել է նա:

Թուրք քաղաքական վերլուծաբան, պրոֆեսոր Ջենգիզ Աքթարն ասել է, որ ցավով է լսել այդ սպասված նորության մասին, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները վերացնելու էին Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև առկա պատմական լարվածությունը, բացելու էին հայ-թուրքական սահմանը, որին այսօր էլ շատերն են սպասում: Ըստ նրա՝ հայ և թուրք հասարակությունների շրջանում շատերն են հուսահատված ստեղծված իրավիճակից:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս