Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել սահմանի սահմանազատումը` հիմնվելով 2024 թվականի ապրիլի 19-ի ընդունված սկզբունքների վրա և շարունակել տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները։

Այս մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։

Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանն իրենց հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք և որպես 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շարունակություն։

Ֆրանսիան նաև կոչ է անում շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով և ողջունում է Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ հեշտացնելու այս բանակցությունները։

Նշվում է, որ Ֆրանսիան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ ի շահ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:

Տեսանյութեր

Լրահոս