Թոշակառու Մանուշ Ապրեսյանը՝ գազի, լույսի, հացի, ջրի ու իր թշվառ գոյության մասին

Asparez.am. «Սա իրական պատմություն է այն մասին, թե ինչպես է ապրում թոշակառու Մանուշ Ապրեսյանն իր մաշկի վրա զգալով իր թշվառության, շատ բաների դիմաց վճարելու անհնարինության ու թանկացումների մասին:

Հիշեցնեմ, որ մեր թղթակիցը նրա նամակներից մեկի թրջված թերթիկները գտել էր փոստարկղի մոտի ջրափոսից ու, կարծելով երկրորդ աշխարհամարտում զոհվածի վերջին իղձ, այն փրկել էր կեղտաջրում խեղդվելուց, որտեղից էլ մեր առջեւ վեր խոյացավ Գյումրու տնակային ավանների խորհրդանիշ, կորաքամակ պառավի կերպարը:

Երբեմն ինձ թվում է, որ Վ.Սարգսյան փողոցի հարակից մացառուտում դեռ կանգուն կանացի քանդակի բնորդը Մանուշակ Ապրեսյանն է եղել, արձանը չի ծերացել, թեեւ անխնամ է ու մեր հերոսուհու նման անտեր, իսկ Մանուշին տեսնելիս, չես ասի, որ երբեւէ ջահել է եղել՝ կարճ փեշով, բարձրակրունկներով, շպարված ու անկուզ:

Անհայտ տարիքի, անհայտ ծագման այս կինն ապրում, գոյատեւում է` ի հեճուկս բնության օրենքների ու մարդկային կենցաղի ընդունված կանոնների:

Մանուշակ Ապրեսյանը 21-րդ դարասկզբին տնակներում ապրող միայնակ ծերի վավերագիր վկայություն է, խորհրդանիշ՝ ամփոփված ժանգախեղդ, փտած տնակում, շրջապատված մետաղական ու ոչ մետաղական անպետք իրերի ինքնաստեղծ ցանկապատով, որից այն կողմ իր «դղյակն» է աննշան քամուց խելքահան լինող տանիքի թիթեղներով: Տնակի հատակը վաղուց արդեն ավելի անհարթ է, ինչպես թաղի ճանապարհ կոչվող խորդուբորդ անցուղիները, իսկ առաստաղը նման է ժամանակակից արվեստի նմուշի թե՝ գեղագիտությամբ, թե՝ նյութերի կիրառությամբ: Պատերին իր նման անհայտ ծագման գորգ ու կարպետներ են, որ պաստառի դեր են կատարում, իսկ պատերի տակ այն ամենն է, ինչ թողել են փողոցում հարեւանները, երբ նոր բնակարան են ստացել. դեղարկղի վերածված սառնարան, ինքնաշեն դարակներով՝ սպասքապահարանը ու աման-չամանի մի մեծ, անպետք հավաքածու: Մանուշի տանը երկու կենդանի շունչ կա՝ կատուն ու իր փիսիկը, երկու շնչավոր էակ, որոնք հիմնականում իրենք են հոգում իրենց սննդի մասին: Նեղություն չեն տալիս, ցերեկը շրջագայում են թաղամասում, իրիկունը գալիս են քնելու:

… Իսկական աղքատի ձմեռ է, առավոտ է, սակայն Մանուշը դեռ մուշ-մուշ քնած է, ամեն լուսաբացի աղոթում է, որ տաք օրերը երկարեն ու գարունն էլ շուտ գա, դաշտերը կանաչեն: Մի քանի ծածկոցի տակ նույնիսկ տոթ է, եթե չլիներ մգլած տնակի «բուրմունքը», այդ խցում դեռ երկար կարելի է ապրել:

– Մանուշ, ա՜յ, Մանիշակ, էս բարի լույսին ո՞ւր ես կորել:

Հարեւանուհին է, մի տնից չեն, մի հալի են: Ձեռքի ամանի տաք ապուրի գոլորշին ոլորվում է օդում, ծալ-ծալ իջնում, խառնվում է ջրացեխին:
-Չլինի մեռել է,-վախից կարկամեց կինը: Ապա անցավ ցանկապատով ու բախեց դուռը:

…Իսկ պատասխան չկար ու չկար: Ամանը դրեց շեմին եւ ուղղվեց դիմացի տնակ, ուր ապրողներն երեւի գիտեն ուր է գնացել առավոտ վաղ տիկին Մանուշակը: Ինչ իմանաս, գուցե դրսերում բարեկամներ են հայտնվել, գուցե Շերն է իր կտակում հիշել նրան կամ էլ ամոթից սեւերես դարձած իշխանություններն եկել ու համոզելով, պատվով, հարգանքով տեղափոխել են ծերանոց, ուր իր տարեկից որբերից մեկը նույնիսկ ամուսնացել է:

Մանուշն հեքիաթի պառավի նման դեռ սպասում է, շուռումուռ գալիս երազի մեջ, իրեն թվում է, որ մի օր կստանա սիրուն նամականիշով ծրար, որի վրա գրված կլինի՝ «Գյումրի քաղաք, Սեւ ֆանտանի տնակային թաղամաս, ճահճի եզրին թառած տնակի բնակիչ, ամերկոմի նախկին որբ, 13 տարեկանից մանածագործ, շքանշանակիր ու կրծքանշանակիր, այժմ թշվառ, կիսասոված կամ քաղցից համարյա կոտորվող, լույսի վարձը վճարելուց խուսափող, գազի պարտքը չմուծելու հետեւանքով գազազուրկ, գրեթե կրկնահանցագործ Մանուշ Ապրեսյանին, աղջկական ազգանունը՝ Նոյեմբերյան, ի պատիվ Հայաստանի խորհրդայնացման»:

Մանուշը երազի դավին անտեղյակ, ցավին անտարբեր, արդեն երկար-երկար ժամանակ սպասում է փոստատարին, որ կթակի իր ժանգոտ, դագաղանման արկղի դուռը, որ տնակ են կոչել անցած դարում ու Նոյի աղավնու նման աչքալույս կբերի, թե՝ Մանուշ, քո սրտի բաղձանքը տեղ է հասել, տերերն ականջալուր են քո իմաստուն խոսքին ու որոշել են…. Նամակում գրված կլինի, որ տեղյակ են առաջավոր մանողի ու թոշակառուի տառապալից կյանքի ու առօրյա տվայտանքների մասին: Այսուհետ ամեն ինչ լավ է լինելու…

Երազի ու տեսիլքի խառնաշփոթից Մանուշն արթնացավ:

-Էս ո՞վ է, առավոտ կանուխ ձենը գլուխը գցել՝ Մանուշ, հա Մանուշ: Թաղեմ էդ անունով ինձ կնքողին: Մանուշակ, Մանուշ, չէ մի Քնքուշ, Պուպուշ, Թութուշ:

Լուսատուի սառը շողերը տնակի կեղտոտ ապակուց ներս դեռ չէին թափանցում: Տեղից վեր ելավ, քսքստացնելով մոտեցավ «խոհանոցին», թասի ջուրը չէր սառել: Մի բուռ շրմփացրեց երեսի խորդուբորդություններին, թեւքով սրբեց ու շտապեց դեպի դուռը: Դուրս ելավ բակ:
Շեմին փոքրիկ կաթսա էր, կռացավ, որ վերցնի:

-Այ պառավ, մենք էլ գիտենք մեռել ես,-ճաշ բերող հարեւանուհին էր,-դու մի ասա, էս ջադուն քնել-մնացել է, սանատորիայի նախաճաշից էլ ուշացել է: Թաղեմ քեզի, վախեցրիր:

Հարեւաններն հաճախ են նախորդ օրվա ճաշից իրեն բաժին հանում:

-Ես էլ մտածեցի, փոստատարն է եկել, էսօր, էգուց թոշակի օր է,-փնթփնթաց պառավն ի պատասխան:
-Մի մտածե, փոստատարի ետեւից լիքը ղոնախ կունենաս. լույսի մարդը, գազի մարդը, ջրի կնիկը, խանութի Քնքուշը: Բոլորն էլ թոշակիդ են սպասում:

Կուզես մեկը մեկելից լավ երկու բան ասեմ,-չարախնդալով շարունակեց հարեւանուհին:

-Հմի էրեխին ղրկեմ, նամակ գրե սոցապին, թող թաղմանդ նպաստ 200.000 դրամը մեռնելուցդ առաջ տան, պարտքերդ կփակես, մեզ էլ պատիվ կտաս, որ մեռար՝ մեկ է պիտի թաղեն, հո չեն թողնի մումիա դառնաս, դոմիկդ էլ կծախեն, ծախսերը դուրս գուկան: Խանութի Քնքուշի վրա էլ բողոք գրե, որ 15 տարի իր ոտի տակը մաքրել ես, բայց ստաժ չի գրել, թե խոսքդ հարգեն, իրան կնալեն, թոշակդ էլ կավելանա, օր ծերության խանումի պես կապրիս:

Մանուշը կկոցեց աչքերը, ծուռտիկ մատը տնկեց օդում, հետո տարավ քունքին: Հարեւանուհին լավ մարդ է, ինքն էլ հազար հոգս ունի, բայց խոսքը գրպանն է, իր հոգու հետ շատ է խաղացել, էս բարի լույսին էլ հերթական անգամ զավզակցավ:
-Մարդուդ մասին նամակ գրե Պուտինին,թող Լենինի դամբարանում գործի դնե, հերիք երեխեքի վզին նստի, սաղ օրը նարդի կխաղա, աչքերը շաշ ու բեշ են դառե:

-Գրողմ ուտես,- չանչ անելով հարեւանուհին չքացավ ցեխոտ նրբանցքում:
Մանուշը շուրջ-բոլորն էր նայում, հետո նստեց իր աթոռակին՝ շուռ տված ծակ դույլին: Արեւը դուրեկան էր, բայց սառը:

Հարեւան տնակը վերջերս քանդեցին, տեղը շինաղբ է: Ելավ ու տնքտնքալով գնաց այդ կողմ: Ահագին մանր-մունր փայտեր էին մնացել, բերել, դարսել էր մի անկյունում: Այսօր էլ գնաց, երկաթի կտորով շուռումուռ տվեց աղբը. վառելիք չկար, սրբել տարել էին: Մի գդալ գտավ, հին նավթավառի պատրույգ ու նկարի մետաղյա շրջանակ:Նման աղբ իր բակում էլ շատ կա: Հարեւանները տեղափոխվել էին: Որդին Ռուսաստանից փող էր ուղարկել, հավաքել ու Հնոցավանի կողմերում իրենց տնակից քիչ տարբերվող տուն էին գնել, փոքր, ընդհանուր օձաձեւ բակով մի քողտիկ: Բայց գոհ էին, տանիք ուներ, նեղլիկ հարմարություններ:Նրանց տնակի փոքրիկ բակում մի քանի մրգատու ծառ կար: Այս աշնանը, ինչպես ասում է Շամշյանը, անհայտ անձինք վայրագաբար կտրել տարել էին: Դիմացի դոմիկներից մեկն էլ են քանդել, տերը փինաչի էր, տնակում մենակ էր ապրում, հետն էլ հին կոշիկ էր նորոգում: Մի քանի օր ձայնը չէին լսում, 911 զանգեցին, եկան տեսան, հանդարտ, խելոք մեռել է թախտին թիկնած: Ով թաղեց, որտեղ, չիմացան:

Խելոք, անշառ մարդ էր, Մանուշակին էլ մերա էր ասում:

Խեր, շառ, Աստված մրմնջալով, ուղղվեց դեպի Քնքուշի մինի մարկետը` թաղի միակ խանութը, պառավների զրուցարանը, խմողների բիստրոն ու սննդի վարկային կազմակերպությունը: Քնքուշը խաչբառը ձեռքին ննջում էր:
Տան միակ աշխատողն էր, բանում էր առավոտից մինչ ուշ երեկո: Վաղ առավոտյան գնում էր շուկա, հետո բերածը տեսակավորում էր, առաջին գնորդների հետ սիրալիր էր: Ցերեկը գրեթե ելումուտ չկար, խաչբառ էր լուծում, հետո սկսվում էր կռիվը պարտքատերերի հետ, իրիկունը գալիս էին խմողները: Այստեղ միայն Լֆիկի օղիներն են վաճառվում: Առնում են կանխիկ, նստում են Քնքուշի խանութի մոտակա, իրենց կառուցած թիթեղյա ծածկի տակ, հին ջեռուցման մարտկոցներից կազմված նստարաններին, գնած մթերքն ու շիշը տեղավորում են էլի խանութից ժամանակավոր վերցված բանանի արկղի վրա ու…սկսվում է:

Մեկն ասֆալտ փռող է, մյուսը ավտոմեխանիկի օգնական, երրորդը տնակում կարկանդակ է թխում կնոջ հետ ու հանձնում դպրոցի մոտ ծվարած կրպակներին, մյուսն էլ մետաղներ, շշեր է հավաքում: Երբեմն հյուրեր են ունենում, կապված ղոնախի նախասիրությունների հետ, զրույցները ծավալվում են հեռուստատեսության արտառոց նորությունների շուրջ. ով ինչ հարստություն է կուտակել, ով է թանկ ավտո առել, ում տղերքն են Լոսում դղյակ գնել, ում հղփացած որդին է դեբոշ սարքել ռեստորանում, քանիսին է դանակահարել ու այդ ամենը, թեեւ լսել են փողոցում, գործատեղում, ներկայացնում են որպես սեփական ականջներով լսած ու տեսած բաներ, որոնք նրանց համար 100 տոկոսանոց ճշմարտություններ են»-գրում է կայքի թղթակիցը:

Հ.Հարությունյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս