Մխիթարյանն ամենաբարձր միավորն է ստացել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում
Հեղինակավոր Whoscored կայքը գնահատել է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստների խաղն Անգլիայի առաջնության 28-րդ տուրում: Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:3):
Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացել է 6.92 գնահատականը: Սա ամենաբարձր արդյունքն է լոնդոնցիների կազմում: Նույն գնահատականն են ստացել նաև Վելբեքն ու Ջական: Պիեր Էմերիկ Օբամեյանգը ստացել է ամենացածր գնահատականը՝ 5,6:
Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունն այս խաղում կազմել է 71 տոկոսից մի փոքր ավելի: Սա միջին ցուցանիշ է Մխիթարյանի համար, քանի որ սովորաբար Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը գերազանցում է 85 տոկոսը: Հայ ֆուտբոլիստն այս խաղում կատարել է 42 փոխանցում:
Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և կատարել է 2 հարված: Հարվածներից մեկն ուղղված է եղել դարպասին:
Հայ ֆուտբոլիստը նախորդ խաղերի հետ համեմատած՝ բարելավել է գնդակի համար պայքարելու ցուցանիշները: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում Մխիթարյանը մեկ անգամ հաղթել է օդային պայքարում, 4 անգամ խլել է գնդակը: Մխիթարյանի հետ խաղում կանոնները խախտել են 4 անգամ, որոնցից մեկի դեպքում նշանակվել է 11-մետրանոց հարված: Մխիթարյանը կանոնները խախտել է միայն մեկ անգամ:
Չնայած նրան, որ Մխիթարյանը լոնդոնցիների կազմում ստացել է ամենաբարձր միավորը, «Մանչեսթեր Սիթիի» բոլոր ֆուտբոլիստները ստացել են ավելի բարձր միավորներ, քան Մխիթարյանը:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդիսոնը:
Սիրարփի Աղաբաբյան