Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին չի պետականացվի
Թուրքիայի բարձրագույն վարչական դատական մարմինը՝ Պետական խորհուրդը չեղյալ է համարել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման մասին Նախարարների խորհրդի որոշումը: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Դիարբեքիրի Սուր գավառում սկսված թուրք-քրդական բախումների պատճառով 2016 թվականի մարտի 21-ին Թուրքիայի Նախարարների խորհուրդը որոշում էր կայացրել պետականացնել գավառի մեծ մասը: Պետականացման տարածքների մեջ էին մտել նաև Սուրբ Կիրակոս, քելդանիական Սուրբ Սարգիս, հայկական կաթոլիկ, ասորական Մարիամ Աստվածածին և բողոքական եկեղեցիները:
Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի կողմից փաստաբան Ալի Էլբեյօղլուն պետականացման որոշման դեմ դատական հայց էր ներկայացրել Պետական խորհրդին, որն էլ բավարարել է ներկայացված բողոքը:
Պետական խորհուրդն արձանագրել է, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին մշակութային ժառանգություն է, որը պետք է առնվի պաշտպանության տակ: Բացի այդ, որոշման մեջ նշվել է, որ այն բաց է կրոնական արարողությունների համար և որ թուրք-քրդական բախումներից մեծապես տուժած եկեղեցին պետք է մոտ ժամանակներս վերանորոգվի:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 2015 թվականից փակ է: Անվտանգության ուժերը թույլ չեն տալիս անգամ մուտք գործել եկեղեցու շրջակայք: Սակայն անգամ նման պարագայում այն մեծապես վնասվել է և ենթարկվել թալանի:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը:
Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավիրել էին այն:
Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել՝ 97 տարի անց: