Վարկային կազմակերպությունները խեղդում են վարկառուներին. տոկոսադրույքը՝ 150 տոկոս. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Իրականում Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները փաստացի 130-150% տարեկան տոկոսադրույթով են գումար տրամադրում հաճախորդներին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Եվ ստացվում է, որ վարկառուները պետական մարմինների աչքի առաջ, օրը ցերեկով ամեն վայրկյան կեղեքվում են ու այդպես էլ անպատիժ մնում:
«Փաստ»-ին դիմած քաղաքացին պնդում էր, որ «Գուդկրեդիտ» վարկային կազմակերպությունից վարկ ստանալուց առաջ մանրամասն չի ուսումնասիրել վարկի մարման պայմանները, գումար է վերցրել ու ընկել է կրակը:
Հիմա էլ, ինչքան գումար որ ձեռքն ընկնում է մուծում է, որ այդ վարկի դարդից պրծնի, սակայն ոչ մի կերպ չի կարողանում վերցրած գումարը զրոյացնել:
«Վարկ վերցնելու ժամանակ ինձ միայն ասացին, որ վերցրած գումարի տարեկան տոկոսադրույքը 24% է, բայց չասացին, որ փաստացի վճարումներով տարեկան տոկոսադրույքը հասնում է 150%-ի: Սա խաբեություն է, քանի որ միայն ես չեմ այս օղակի զոհը դարձել:
Եվ եթե իմանայի, որ 1000 դոլարին համարժեք դրամ վերցնելուց հետո տարեկան պետք է փաստացի 2500 դոլար գումար վերադարձնեմ, այսինքն՝ մայր գումարից բացի մեկ ու կես անգամ ավելի վճարեմ, չէի համաձայնվի այդ պայմաններին: Ստացվում է, վերցրածս գումարի ամսական տոկոսադրույքը ոչ թե 2% է, այլ՝ 12%-ից ավելի: Սա խաբեության թակարդ է, որի մեջ ամեն վայրկյան մարդ է ընկնում, բայց հետաքրքիր է, թե իշխանություններն այս մասին ինչ են մտածում»,- ասաց մեր զրուցակիցը:
«Փաստ»–ի ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես «Գուդկրեդիտ»–ը 12–ից 24 ամիս մարման ժամկետով 100 հազարից մինչեւ 400 հազար դրամ վարկ է տրամադրում, որի տարեկան փաստացի տոկոսադրույքը տատանվում է 130–150%–ի շրջանակներում:
Վարկի տրամադրման նշված պայմանները թեեւ ներկայացված է կազմակերպության կայք–էջում, բայց հասկանալի է, որ այս կամ այն անհետաձգելի հարցը լուծելու համար շտապ գումար է անհրաժեշտ լինում, դժվար թե մարդը մտածի վարկի տրամադրման պայմաններին խորությամբ ծանոթանալու մասին: Այսինքն, մարդիկ հիմնականում դրա մասին իմանում են, երբ մի քանի ամիս պարտաճանաչ մուծում են կատարում, սակայն հետո պարզում են, որ վերադարձնելու ենթակա գումարը վճարմանը համարժեք չի «մաշվում»:
Կարճ ասած, ամեն քայլափոխի հանդիպող վարկային կազմակերպությունների գրասենյակներն ու գովազդային պաստառներն ընդամենը խայծ են, որը կուլ տալուց հետո մարդիկ հայտնվում են թակարդում, որից դուրս գալը բավականին դժվար է լինում:
Ի դեպ, հարցը պարզաբանելու համար «Փաստ»-ը դիմել է նաեւ Կենտրոնական բանկին եւ բարձրացված հարցի մասին պաշտոնական պատասխանը ստանալուն պես կրկին կանդրադառնանք վարկային կազմակերպությունների աշխատանքին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: