««Ելքը» չունի այն հեղինակությունը, որպեսզի կարողանա հասարակությանը ոտքի հանել». Արմեն Բադալյան

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ «Ծառուկյան» դաշինքի որոշումից հետո «Ելքն» այլևս որևէ հնարավորություն չունի ՍԴ դիմելու համար և չի կարող ոչինչ անել։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առավելագույնը՝ «Ելքը» կարող է չմասնակցել քվեարկությանը, բայց դա կունենա զրո նշանակություն։

«Ծառուկյան դաշինքը գործող նախագահի դեմ որևէ գործողություն չի անում, իսկ 4-րդ նախագահի թեկնածուն գործող նախագահի կողմից է առաջարկվել և, բնականաբար, եթե Ծառուկյան դաշինքն իր ձայները չհամաձայներ տալ 4-րդ նախագահի թեկնածուի օգտին, կստացվեր, որ նա ինչ-որ մարտահրավեր է նետում գործող նախագահին։ Իսկ մի անգամ նա արդեն մարտահրավեր նետել է և բոլորս գիտենք, թե ինչ ճակատագիր է ունեցել այդ փորձը։

Երկրորդ անգամ նման փորձ կատարելու ցանկություն «Ծառուկյան» դաշինքը, բնականաբար, չունի, և այդ իսկ պատճառով, կարծում եմ, համաձայնեց պաշտպանել գործող նախագահի թեկնածուին։ Նրանք կարող են քննադատել կառավարությանը, բայց ո՛չ նախագահին։ Սա արդեն տեսանելի է»,- ասաց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ «Ելքի» ղեկավարներից մի քանիսն այն ժամանակ, երբ կարող էին ինչ-որ գործողություն անել, հատկապես՝ 2015 թ. դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների ժամանակ, որոնք նշում էին, որ դա կեղծ կատեգորիա է, չպետք է այդ ուղղությամբ աշխատել, չպետք է գործողություններ անել դրա դեմ. «Այն ժամանակ էր պետք գործողություն իրականացնել և փորձել հասնել նրան, որ Սահմանադրությունը չփոփոխվի։ Միգուցե, եթե «Ելքի» մի քանի գործիչներ նույնպես համապատասխան քարոզարշավ իրականացնեին ընդդեմ Սահմանադրության, տեսականորեն հնարավոր էր, որ այդ փոփոխությունը չիրականացվեր։ Այն ժամանակ նրանք պետք է պայքարեին։ Այս պահի դրությամբ ոչինչ չեն կարող անել նախագահի ընտրության գործընթացում»։

Ա.Բադալյանն անհավանական համարեց, որ «Ծառուկյան» դաշինքը միաժամանակ համապատասխան ձայներով ապահովի «Ելքին»՝ ՍԴ դիմելու համար։ Ըստ նրա՝ եթե անգամ «Ելքը» տեսականորեն դիմի ՍԴ, գիտենք, թե ինչ պատասխան է ստանալու, որովհետև 20 տարվա ընթացքում ՍԴ-ն միշտ էլ հօգուտ իշխանությունների է որոշում կայացրել։

««Ելքը» չունի այն հեղինակությունը, որպեսզի կարողանա հասարակությանը ոտքի հանել, առավել ևս, հասարակությունը նախագահի ընտրությանն ուշադրություն չի դարձնում, դա անհետաքրքիր է նրան, կան ավելի լուրջ հարցեր՝ ինչպես գումար հայթայթել հանապազօրյա հացի համար»,- ասաց փորձագետը։

Տեսականորեն, եթե ինչ-որ հրաշքով «Ելքին» այնուամենայնիվ հաջողվի հարցը բերել ՍԴ, Ա. Բադալյանի կարծիքով, այդ պարագայում միևնույնն է՝ հաջորդ նախագահի լեգիտիմության հարցն առաջնային չի դառնա.

«Գործող նախագահն ու ԱԺ-ն իրենք լեգիտիմ չեն, նրանց ձևավորած կառավարությունը ևս լեգիտիմ չէ, դրա համար նրանք լեգիտիմության հարցին լուրջ չեն վերաբերում։ Հասարակությանը չի հետաքրքրում, որ ԱԺ-ն լեգիտիմ չէ։ Ի՞նչ է անում հասարակությունը դրա դեմ։ Առավել ևս, որ Հայաստանում հասարակությունը որպես այդպիսին չի կայացել, և արդեն դադարել է գոյություն ունենալուց։ Դրա համար լեգիտիմ կլինի՞, թե՞ չի լինի, հետաքրքիր չէ ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում»։

Տեսանյութեր

Լրահոս