«Մեզ համար ամենակարևորը սեփական կարծիքը հայտնելու մշակույթն է». Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր է համարում դրա բոլոր ճյուղերի զուգահեռ զարգացումը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե որոնք են իր համար աշխատանքային երեք գլխավոր ճակատները, որտեղից ռեալ արդյունք կարող է սպասել Հայաստանի քաղաքացին, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ինքը չի սիրում սահմանափակել որևէ գործունեություն մեկ, երկու կամ երեք կարևոր գործոնով:
«Եթե մենք դիտարկում ենք Հայաստանի տնտեսության տեսլականը, ապա չենք կարող ասել, որ Հայաստանի տնտեսության համար ամենակարևոր ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Մեկը կարող է ասել, որ դա գյուղատնտեսությունն է, երրորդը կարող է ասել, որ տուրիզմն է, չորրորդը՝ բանկային համակարգը: 21-րդ դարի առանձնահատկությունն այն է, որ հանրությունը, պետությունը կարող են շատ արագ զարգանալ, եթե բոլոր ուղղությունները զուգահեռ զարգանում են: Մաթեմատիկայում սա կոչվում է զուգահեռ գործավարություն, որովհետև զուգահեռ գործընթացների ընթացքում յուրաքանչյուր քայլ առաջ որևէ ոլորտում անպայման ունի իր սիներգիան և օգտակար է լինում մյուս ուղղությունների վրա, հետևաբար բոլորի զարգացման ընթացքը տեղի է ունենում զուգահեռ և շատ ավելի մեծ արդյունավետությամբ և արագությամբ, քան եթե այդ գործընթացները կատարվեն հաջորդաբար»,- նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում հասնել ազգային երկխոսության հաստատմանը, ինչի մասին մի քանի անգամ խոսել է, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ այդ հարցում ամենակարևոր խնդիրը շատ պարզ մարդկային թերության՝ անհանդուրժողականության հաղթահարումն է:
«Անհանդուրժողականությունը բերում է հանրության, հասարակության քաղաքական էլիտայի բաժանման, երկխոսության բացակայության, գաղափարների փոխանակության բացակայության և ի վերջո բերում է նրան, որ հանրության մեջ ամեն ինչ դառնում է սև և սպիտակ: Եթե մենք ենք, ապա սպիտակ է, եթե մենք չենք, ապա սև է, իսկ եթե այդ սևն ու սպիտակը դնենք իրար կողք, ստանում ենք մոխրագույն պատկեր, երբ իրականությունը բազմագույն է»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞րն է այդ մոխրագույնը ցրելու ճանապարհը, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ այդ ճանապարհը պարզ երկխոսությունն է՝ ցույց տալը, որ երկխոսությունը խոսելու և լսելու, համաձայնվելու կամ չհամաձայնվելու մշակույթ է, վիճելու մշակույթ է, ընդհանուր համոզման գալու կամ նույնիսկ ընդհանուր համոզման չգալու մշակույթն է:
«Մեզ համար ամենակարևորը սեփական կարծիքը հայտնելու մշակույթն է: Մարդը պետք է համոզված լինի, որ իրեն տրված է այդ իրավունքը՝ ոչ միայն սեփական կարծիք ունենալ, այլ նաև այն արտահայտել»,- ասաց նա:
Սարգսյանը նաև վստահեցրեց՝ երկար տարիներ ապրել է արտերկրում, սակայն երբեք Հայաստանից չի հեռացել, գիտի բոլոր դժվարությունները, հաջողությունները և հաղթանակները: