«Ինձ մի թմրամոլ պատմեց, որ դեղատներում 50 դեղ կա, որից ինքը նույնիսկ տան պայմաններում կարող է թմրանյութ ստանալ». Ահարոն Ադիբեկյան
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երկու մեծ հետազոտություն է կատարել քաղցկեղի և թոքախտի շրջանակներում և որոշել, թե մարդիկ երբ վատ են զգում, ինչ են անում։
«Այդ տվյալների համաձայն՝ եթե հիվանդությունն ակնառու է, եղել է 43 տոկոս, քրոնիկ հիվանդությունները՝ 20 տոկոս, և եղել է անհասկանալի ինչ-որ երևույթներ, մոտ 20 տոկոս, այսինքն՝ ամեն 5-րդ դեպքում մարդը չգիտի, թե ինչով է տառապում։ Մարդը հիմնականում դիմում է ծանոթ բժիշկներին, կամ տանն է բժիշկ լինում, դիմում է պոլիկլինիկա, դա կազմում է մոտ 65 տոկոս, մնացած 35 տոկոսը դիմում է հիվանդությունն ունեցող իրա ծանոթներին, զբաղվում ինքնաբուժությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգը։
Սոցիոլոգը նկատեց, որ ԱՄՆ-ում նյութը դեղ դառնալու համար 7 տարի է փորձարկում անցնում, իսկ ՀՀ-ում՝ մոտ 3 տարի: Նրա խոսքով, երբ քաղաքացին գնում է «պետական բժշկի» մոտ, ապա նրան հիմնականում նշանակում են այն դեղերը, որը պետությունն իրեն սպասարկում է, իսկ նոր դեղերի մասին պատկերացում չունեն:
Ինչ վերաբերում է «Դեղերի մասին» օրենքի կարգավորումներին, ըստ որի՝ դեղերը վաճառվելու են միայն դեղատոմսերով, Ադիբեկյանն ասաց. «Այսօր ընտանիքների 60-65 տոկոսն ինտերնետի մուտք ունի, շատ լավ կարողանում է տեսնել, թե ինչ նոր դեղամիջոց կա աշխարհում: Իմ աղջիկը Մոսկվայում ծանր հիվանդացավ, ինքը ինտերնետով դեղերը, բուժման տարբերակները նայում էր, հետո ցույց տալիս իր բժշկին, և այդ ժամանակ բժիշկները նրան շնորհակալություն էին հայտնում: Այսինքն՝ դեղ տալը դեռ չի նշանակում՝ բուժել, քանի որ դեղ վաճառողն էլ կարող է գտնել մի բժիշկ, որն իրեն կարող է դեղատոմսեր տալ: Այսինքն՝ կարող է բժշկին ասել, որ, եթե վաճառքի թիվը մեծացավ, ապա բոնուսներ կտա բժշկին, և այլն»:
Նա բերեց նաև իր կնոջ օրինակը. «Կինս դիմեց տեղամասային բժշկի, նա կես ժամում 20 ախտորոշում կատարեց, որը բոլորը միայն ինքը կարող է բուժել։ Մենք դուրս եկանք, ես կնոջս ասացի, որ ախտորոշման 2/3-ը միայն կլինիկական հետազոտության հիման վրա կարելի է անել, պուլս բռնելով չի կարելի, դա շառլատան տիպ է։ Մոսկվայում մի կին բժշկին դատի տվեց, որովհետև երկու տարի բուժվել էր մի հիվանդությունից, որը չուներ։ Դա ամենալավ միջոցն է․ քեզ կարող են մինչև կյանքիդ վերջը բուժել, դեղեր նշանակել»։
Ադիբեկյանը հավելեց, որ այսօր հնարավորություն կա առցանց տարբերակով դեղ պատվիրելու: Միևնույն ժամանակ՝ նա կարծում է, որ օրենքի անհրաժեշտություն կա, քանի որ կանանց ինքնասպանությունների հիմնական մասը դեղերի չափաբաժնի չարաշահմամբ է լինում:
«Ինձ մի թմրամոլ պատմեց, որ դեղատներում 50 դեղ կա, որից ինքը նույնիսկ տան պայմաններում կարող է թմրանյութ ստանալ: Սրանից բացի՝ մեզ մոտ շատ տարածված է ինքնաբուժությունը, ինչը պետք է կանխարգելել, այսինքն՝ վերահսկողությունը կարող է դրական ազդեցություն ունենալ»,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը: