Մեղադրանք. ի՞նչ հոգեբանական մեխանիզմներ կան հիմքում
Լինում են դեպքեր, երբ հանդիպում ես մարդկանց մի տեսակի, որոնք անընդհատ, ամեն ինչում մեղադրում են շրջապատին։ Մի գեղեցիկ օր այդ մեղադրանքը նաև քեզ է ուղղվում՝ ուղղակի թե անուղղակի կերպով։ Որպես կանոն, նման մարդիկ լավ մանիպուլյացիաներ են անում, և չհասցեագրված կերպով ասում այն, ինչ ցանկանում են հասցնել նրան, ում ուղղված էր նշանակետը։
Կան մարդիկ, որոնց կյանքի և ապրելակերպի բաղադրիչն է հանդիսանում նման վարքը, սակայն չկա դրա գիտակցումը, չկա դրդապատճառի հասկացումը, քանի որ սա կյանքի մոդել է, որը հրամցվել է ընտանիքից կամ այն սոցիալական միջավայրից, որում մեծացել է անձը։ Այնուամենայնիվ, բացասական թե դրական երևույթ լինելով հանդերձ՝ այն հանդիսանում է ներկա ժամանակակից հասարակության ինքնադրսևորման ձև։
Մեղադրանքը կարող է ուղղված լինել ոչ միայն մարդկանց, այլ նաև իրադարձություններին, ժամանակի ոչ բավարար լինելուն, իրերին։ Սակայն արդյունքը մեկն է. մեղադրանքի հիմքն անձի չստացված ինքնադրսևորման կամ սպասելիքների չիրականացված լինելու զգացումն է, որն արդարացվում է՝ պայմանավորվելով ոչ էական երևույթներով։
Մենք՝ հասարակության մասնիկներս ու մասնակիցներս, անկախ խնդրի էությունից, միշտ մեղադրում ենք կառավարությանը, մեր ծնողներին, ուսուցիչներին, մեզ հետ ոչ համակարծիք մարդկանց, և տվյալ հանգամանքում ամենացավալին այն է, որ նման վարքը համարվում է նորմային և արդարացված։ Պետք է նշել, որ քննադատությունը՝ ուղղված դիմացինին, ժամանակի անիմաստ վատնում է։ Ավելին, անընդհատ մեղադրանք փնտրելը՝ ինչպես սեփական, այնպես էլ՝ հասարակության խնդիրների առաջացման դրդապատճառ է։ Փորձենք հասկանալ, թե ինչ հոգեբանական գործոններ կան նման վարքային դրսևորման հիմքում։
Մեղադրանք փնտրելը եսասիրության՝ էգոյի արդյունք է, քանի որ այն միշտ ուղեկցվում է վախերով և ագրեսիվությամբ։ Հետևաբար, երբ մեր ընտրությունը կատարվում է եսասիրական նախաձեռնությամբ, այն ավելի շատ կապված է լինում բացասականի, այլ ոչ թե դրականի, ջերմության և սիրո հետ։
Մեղադրանքն ընդգծում է մեր առավելությունն ինչ-որ մեկի նկատմամբ։ Երբ մենք փորձում ենք գտնել մեղավորներ, մենք ինքնըստինքյան ինչ-որ մեկին դարձնում ենք անկարողունակ խնդիրներ լուծելու։
Մենք նպատակաուղղված բողոքում ենք, փոխարենը՝ ինքներս փորձենք կյանքն ավելի լավը դարձնել շրջապատի համար։ Ի շնորհիվ մեղքի փնտրման՝ մենք տրվում ենք վախերին և ագրեսիվությանը, բաց ենք թողնում բացասական էներգիայի հոսք, որն է՛լ ավելի է բարդացնում խնդիրը, և մենք հայտնվում ենք բացասականի թակարդում, որից ազատվելն այդքան հեշտ չէ, քանի որ բացասական հույզերն ավելի լավ են կարողանում կառավարել մեր գիտակցությունը, քան դրական հույզերը։
Մեղքի փնտրտուքն օտարացնում է մարդկանց։ Մեղադրանքը կարող է վախեցնել վաղեմի և մտերիմ ընկերներին, բաժանել ընտանիքներ և ստեղծել սթրեսային մթնոլորտ աշխատանքի վայրում։ Այն ընտանիքներում, որտեղ բոլորը միմյանց մեղադրում են, երբեք չեք գտնի վերափոխման, ծաղկման և զարգացման ոչ մի նշույլ։
Քննադատությունը ոչ ոքի չի շտկում, մանավանդ՝ անարդար քննադատությունը։ Երբ մենք մեղադրում և պատժում ենք ինչ-որ մեկին, ում քննադատության ենք մատնել, ապա նման կարգավիճակում ոչ ոք չի շահում։ Ոչ մի պատիժ կամ քննադատություն մեխանիկորեն մարդուն դեպի լավը չեն դրդում, ընդհակառակը, որքան պատիժ՝ այնքան հանցագործություն։
Մեղադրանքը մարդկանց չի երջանկացնում։ Ես երբեք չեմ հանդիպել մարդկանց, ովքեր անհագ ծարավ ունենալով մարդկանց քննադատելու՝ միաժամանակ լինեն երջանիկ և սեփական կյանքի որակից գոհ։ Նույն աններդաշնակ զգացողությունն առաջանում է յուրաքանչյուրիս մոտ, երբ առանց առիթի վատաբանում կամ մեղադրում ենք դիմացինին, կամ հակառակը՝ բացասական զգացողությունը կրկին առաջանում է, երբ մեզ են նույն հանգամանքներով մեղադրում կամ վատաբանում։ Առաջացող հույզերի այս համեմատականները հանգեցնում են եզրակացության՝ մեղադրե՞լ, թե՞ ապրումակցել։
Մեղադրանքն ինքնասիրահարվածությանը՝ նարցիսիզմին հատուկ վարքագիծ է։ Եթե ինչ-որ մեկը մեղադրում է մյուսին, նա իրականում նկատի ունի հետևյալ միտքը. «Ես ամեն բան գիտեմ, և ես իրավացի եմ»: Ծայրահեղ նարցիսական է այն մտածելակերպը, երբ կա համոզմունք, որ մեր կարծիքը միակ ճշմարիտ կարծիքն է։
Որպես կանոն, նման մարդկանց տեղեկատվության միակ աղբյուրն ասեկոսեները և սոցիալական ցանցերի լրահոսներն են։ Բոլոր այն տեղեկությունները, որոնք դառնում են բանավեճի առարկա, իրականում նման մարդկանց համար երբեք իրական կյանքում հասանելի չեն եղել, և նրանք ականատես չեն եղել այն իրողություններին, որոնց մասին ակտիվ խոսում և քարոզում են։
Մեղադրանքը վկայում է սեփական կյանքի, սեփական գոյության մերժման մասին։ Երբ մենք մեղադրում, բողոքում, ագրեսիվ և անհանդուրժող վարք ենք դրսևորում, իրականում մենք պայքարում ենք մեր և մեր սեփական անձնային չլուծված խնդիրների դեմ։ Մենք չենք գիտակցում մեր առաքելությունն այս կյանքում, չենք կարողանում կազմակերպել մեր ժամանակը, լիարժեք և բովանդակալից անցկացնել առօրյան, իսկ նման դեպքերում մնում է մեղադրել կենցաղային պայմանների բացակայությանը, մարդկանց, ովքեր իբրև չեն թողնում մեզ ինքնաիրականացվել, իշխանություններին, որ չեն ստեղծում երկրում համապատասխան պայմաններ աշխատանքի և լավ կյանքի համար։
Որպես կանոն, կյանքում կատարյալ ոչինչ չկա։ Կան իրավիճակներ, իրադարձություններ, ծնունդ, մահ, ուրախություն, երջանկություն, տխրություն, միայնություն, որոնց ստեղծողն ու քանդողը մենք ինքներս ենք։ Պետք է գտնել այն ներդաշնակության սահմանը, որը հնարավորություն կտա մարդուն՝ ընդունելով կյանքի անարդարություններն ու ոչ կատարյալ պայմանները՝ միաժամանակ կարողանալ լինել երջանիկ և ապրումակցող՝ իր ընտանիքի և շրջապատող մարդկանց հետ միասին։