«Պատերազմն անխուսափելի է». Լևոն Շիրինյան
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին, որտեղ ասվում է, որ 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ կա, ասաց, որ պատերազմն անխուսափելի է:
«Ես ասել էի, որ աշնանը, հավանական է՝ պատերազմ լինի, ինչը հաստատում է ամերիկացիների հայտարարությունը: Եվ, եթե Ադրբեջանը գնահատի իր ուժերի զինվածության չափն ու քանակը և կարծի, որ հաղթելու է՝ սպասե՛ք պատերազմի: Սա ամենևին մեզ չպետք է վախեցնի: ՀՀ Զինված ուժերը պետք է որդեգրի կանխարգելիչ պատերազմի տեսակետը: Բանակը պետք է շարժել դեպի Ադրբեջանի վերահսկողության տարածք՝ Քուռ-արաքսյան խառնարան: Վուդրո Վիլսոնն ասում էր՝ պետություններն առաջին հերթին ժողովուրդներին են պարտավոր պատերազմի նախապատրաստել: Պարտավոր ենք Ադրբեջանին հասցնել վերջին հարվածը, որից հետո պետք է դադարի ֆաշիստական պետություն լինել»,- ընդգծեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին առավել, քան պատերազմի հրահրում է տարածաշրջանում. «Ռուս-հայկական դարավոր բարեկամություն չի եղել, չի էլ լինելու։ Ավելի լավ է լինել իրատես, քան պատրանքներով ապրել։ Ապրիլյան պատերազմից առաջ ասում էի, որ պատերազմն անխուսափելի է։ Մեզ համար պարտությունը պետք է բացառվի, հայ զինվորականը հարց կլուծի։ Մենք մեր կոմերցիոն դաշնակցի առաջ պետք է հստակ հարց դնենք՝ Ադրբեջանի՞ դաշնակիցն է, թե՞ Հայաստանի։ Եթե Հայաստանի դաշնակիցն է, ապա պարտավոր է առանց որևէ բլեֆի՝ պաշտպանել ՀՀ-ի շահերը»։
Քաղաքագետը նկատեց՝ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ վարում է տևական հյուծման և ռեսուրսների սպառման քաղաքականություն. «Եթե ռազմական գործողությունները տեղափոխենք Ադրբեջանի տարածք, ապա չորրորդ օրը նրա հարցը լուծված է։ Դա մի քիչ բարդ է, դրա համար Հայաստանի իշխանությունը պետք է ինտելեկտուալ լինի, ոչ թե լինեն բիզնեսմեններ։ Մենք այդ հնարավորություններն ունենք, իմ տեսլականը Ադրբեջանի ջախջախումն է»։