«Այս վտանգը կա, բայց դա չի նշանակում, որ այն 100 տոկոսանոց է». Դավիթ Բաբայան

ԱՄՆ Ազգային հետախուզությունը 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ է տեսնում։ Հրապարակված զեկույցում մասնավորապես նշվում է, որ ԼՂ շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որը կարող է ներգրավել Ռուսաստանին՝ աջակցելու տարածաշրջանում իր դաշնակցին: ԱՄՆ ազգային հետախուզության գրասենյակի գնահատմամբ՝ կողմերի շրջանում փոխհամաձայնության գալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կողմից մշտական ռազմական մոդեռնիզացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից նոր ռուսական զինամթերքի ձեռքբերումը 2018 թվականին լայնամասշտաբ բռնկումների ռիսկ են առաջացնում:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ ռիսկը միշտ էլ առկա է. «Մենք միշտ էլ ասում ենք, որ Ադրբեջանն այն պետությունն է, որն անընդհատ ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Եվ որպեսզի ամուր լինի այդ խաղաղությունն ու կայունությունը՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի չեզոքացնել Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն, սա նորություն չէ։ Ոչ միայն այս, այլև տարբեր զեկույցներում պարբերաբար նման կարծիքներ են արտահայտում։ Չնայած, չգիտես ինչու, 2016թ. ապրիլի իրադարձությունները որևէ մեկն այդ մակարդակով չի կանխատեսել։ Սա խոսում է նրա մասին, որ այս վտանգը կա, բայց դա չի նշանակում, որ այն 100 տոկոսանոց է և այդպես էլ լինելու է»։

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ հրապարակված զեկույցն ավելի շատ կրում է ռուս-ամերիկյան հարաբերությունների ազդեցությունը.

«Մենք գիտենք, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բավականին յուրահատուկ և բարդ շրջանում։ Սրա մասին են խոսում և՛ այս, և՛ մյուս կողմերի տարբեր փաստաթղթեր, հրապարակումները, և ընդհանրապես, տեղեկատվական հոսքը։ Եվ վերջերս ԱՄՆ-ի ազգային անվտանգության հայեցակարգը, պաշտպանության հայեցակարգը դրա վառ ապացույցն են։ Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ-ն կսատարի այս կամ այն կողմին, մենք կարծում ենք, որ, ընդհանրապես, գերտերությունների միջև ինչքան հարաբերությունները նորմալ լինեն, այնքան լավ միջազգային կայունության համար։ Սա Նոբելյան մրցանակի արժանի գաղափար չէ, այլ ակնհայտ մի բան է։ Բայց պետք է փաստել՝ այնպես է ստացվել, որ հիմա Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը համընկնում են, և համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա միայն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Մնացած բոլոր տեղերում ակնհայտ հակասություններ ու բարդություններ կան»։

Նա նշեց, որ Արցախի հարցն այն խնդիրն է, որտեղ պետք է համանախագահող երկրները միասին անեն հնարավորը, որպեսզի կայունությունն ու խաղաղությունը պահպանվի. «Դա նույն տեմպերով պետք է շարունակել նաև հետագայում։ Մանավանդ, որ դա բխում է նույն ԱՄՆ-ի, ՌԴ-ի և, ընդհանրապես, աշխարհի անվտանգության շահերից։ Եթե այստեղ ինչ-որ պոռթկում լինի, ապա հետևանքները լինելու են անկանխատեսելի։ Երկարատև և լայնածավալ պատերազմի ընթացքում, կամա թե ակամա, գերտերություններն են խառնվելու այդ գործին՝ դառնալով հակամարտության կողմ»։

Հետևաբար, ըստ մեր զրուցակցի՝ պետք է այս ամենը հաշվի առնել և միայն Ռուսաստանի մասին չխոսել, քանի որ, նրա խոսքով՝ միայն Ռուսաստանը չէ այստեղ. «Թուրքիան բացեիբաց սատարում է Ադրբեջանին, ահաբեկիչներ է ուղարկում, որ կռվեն մեր դեմ, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն էլ է միջամտելու, Ամերիկան էլ։ Հետևաբար՝ պետք է ամեն ինչ անել, որ նման երևույթ չլինի»։

Բաբայանը կարծում է, որ կենտրոնանալ միայն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վրա՝ խոսելով նույն Ադրբեջանի մասին, ճիշտ չէ.

«Այ, օրինակ՝ գրում են, որ չկա փոխզիջումների պատրաստակամություն, իսկ ինչո՞ւ չկա։ Այս բոլոր տարիների ընթացքում անտեսվել է մեկ կարևոր հանգամանք. հակամարտության կարգավորման միակ խոչընդոտն Ադրբեջանի պետականաշինության փիլիսոփայությունն է։ Չի կարող նացիզմ և ֆաշիզմ քարոզող երկիրը գնալ նորմալ քայլի։

Այդպիսի բան երբևիցե չի եղել, չկա ու չի էլ լինելու։ Հետևաբար, եթե ուզում են, որ տարածաշրջանում լինի կայունություն և խաղաղություն, և ոչ միայն այս հակամարտությունը կարգավորվի, այլ ընդհանրապես որևէ հակամարտություն չլինի, պետք է սկսել Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացից, իսկ այստեղ մենք որևէ քայլ չենք տեսնում քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Վերջերս ինչ-որ փոփոխություններ տեսնում ենք, բայց ընդհանրապես ժամանակին իրականացված արմատական քայլեր մենք չենք տեսնում։ Դրա համար իրավիճակը հիմա այսպես է։ Բռնապետական պետությունում անց են կացրել առաջին համաեվրոպական օլիմպիական խաղերը. սա ընդհանրապես խայտառակություն է ամբողջ քաղաքակիրթ մարդկության համար։

Կամ չգիտես ինչ ֆորումներ են անցկացնում. դա է, էլի, այդ ամենը բերում է նրան, որ այդ Ադրբեջանը սատարում է ահաբեկիչներին, պայքարում է քաղաքակրթության դեմ, հազարից ավելի յուրայիններ ունի ԻԼԻՊ-ի շարքերում, ընդ որում՝ դրանց մեծամասնությունն Ադրբեջանի բանակի զինծառայողներ են։ Այս ամենի հետևանքը դա է։ Հետևաբար՝ հիմա չպետք է ասեն, որ փոխզիջում չկա, փոխզիջման մասին չէ խոսքը, չկա որևէ ողջամիտ մոտեցում Ադրբեջանի կողմից։ Մինչև աշխարհը ճնշումներ չգործադրի, և ժողովրդավարական գործընթացներ չսկսվեն Ադրբեջանում, ոչ մի բան չի փոխվելու»։

Դիտարկմանը՝ այսինքն՝ միջազգային հանրությունն աչք է փակում Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների վրա, նա այսպես արձագանքեց. «Իհարկե, աչք է փակում․ իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Որ աչք չփակի՝ Ադրբեջանը կկաշառի՞ ԵԽ ԽՎ-ի ղեկավարին, պատգամավորներին, այս մեկին, այն մեկին։ Ոչ միայն աչք են փակում, այլև բերանները բացում ու այդ խավիարը կուլ են տալիս»։

Տեսանյութեր

Լրահոս