Բաժիններ՝

Metallica-ն և երաժշտության աֆղանական ինստիտուտը դարձել են Polar Music Prize մրցանակի դափնեկիրներ

Երաժշտության աֆղանական ազգային ինստիտուտը (ԵԱԱԻ) եւ Metallica ամերիկյան խումբը փետրվարի 14-ին Շվեդիայի մայրաքաղաքում հայտարարվել են Polar Music Prize երաժշտական մրցանակի 2018 թվականի դափնեկիրներ:

Բացատրելով իր ընտրությունը Metallica-ի նկատմամբ՝ ժյուրին նշում է, որ Վագների եւ Չայկովսկու ժամանակներից ի վեր ոչ ոք «չի ստեղծել այնպիսի երաժշտություն, որը լիներ այդքան ֆիզիկական ու մոլեգին, բայց միաժամանակ նաեւ այդքան հասանելի»: Ինչ վերաբերում է ԵԱԱԻ-ին, ապա, ժյուրիի անդամների կարծիքով, կազմակերպությունն արժանի է պարգեւի այն բանի համար, թե «ինչպես է օգտագործում երաժշտության իշխանությունը, որպեսզի կերպափոխի երիտասարդների կյանքը»:

ԵԱԱԻ-ն 2008 թվականին ստեղծվել է Քաբուլում՝ լուսավորության նախարարության հետ փոխգործակցությամբ, ինստիտուտը երաժշտության ուսուցում է առաջարկում երեխաներին ու դեռահասներին, այդ թվում՝ չքավոր ընտանիքներից: Գոյություն ունի երկու բաժանմունք՝ աֆղանական ժողովրդական երաժշտության եւ արեւմտաեվրոպական դասական երաժշտության: սկզբունքային որոշում է կայացվել ինստիտուտի մասնաճյուղեր բացել այլ քաղաքներում:

Metallica խումբն ամենահայտնիներից մեկն է երաժշտության աշխարհում: Նրա ալբոմները վաճառվել են ավելի քան 110 մլն օրինակով:

Փորձագետները Metallica-ն ճանաչել են վերջին 30 տարվա լավագույն մետալ-խումբը, իսկ 2009 թվականին այն ներառվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում:

Polar Music Prize մրցանակը հիմնվել է ABBA շվեդական խմբի մենեջեր Սթիգ Անդերսոնի կողմից, որն այդ նպատակով հիմնադրամ է ստեղծել 4,77 մլն դոլարի չափով: 1992 թվականից ի վեր պարգեւն ամեն տարի հանձնվում է ոչ միայն փոփ-երաժշտության, այլեւ դասական երաժշտության կատարողներին՝ «անձանց, խմբերի կամ հաստատությունների, որոնց բացառիկ գործունեությունը նպաստում է աշխարհում երաժշտության զարգացմանը»:

Տարբեր ժամանակներում Polar Music Prize-ի դափնեկիրներ են դարձել Մստիսլավ Ռոստրոպովիչը, Վալերի Գերգիեւը, Սոֆյա Գուբայդուլինան, Պոլ Մաքքարթնին, Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը, Էլթոն Ջոնը, Սթինգը:

Հունիսի 14-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում նոր դափնեկիրներին պարգեւները կհանձնի Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորը: Յուրաքանչյուր կատարողի համար մրցանակի չափը կազմում է մոտավորապես 125 հազար դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս