Րաֆֆի Մեգերյանը Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկնոջը գորգ նվիրեց
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանը և Դեսիսլավա Ռադևան այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի ժամանակ «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը Ռադևային ցույց էր տալիս Մեգերյան ընտանիքի արտադրած գորգերը։
Անցնելով բոլոր սրահներով՝ Անդրեասյանը մանրամասն ներկայացնում էր տարբեր գորգերի պատմությունները, որոնցից մեկն, օրինակ՝ ուներ 160 տարվա պատմություն։
Մի հատվածում, որտեղ գորգագործ կանայք իրենց աշխատանքն էին կատարում, Լեոնիդ Անդրեասյանը ներկայացնելով գորգերից մեկը, ասաց, որ Մեգերյանները այն նվիրելու են Երևանին՝ քաղաքի 2800-ամյակի կապակցությամբ։ Գորգի վրա պատկերված է Երևան քաղաքի ողջ պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Այդ սրահում ԲՀ առաջին տիկինը նույնպես փորձեց գործել։ Գորգը կոչվում էր «Արցախ»։
Վերջին սրահում պատին կախված էր մի գորգ, որը չի վաճառվում, այլ նվիրում են այն անձանց, ովքեր Հայաստանի առօրյայում մեծ ներդրում են ունեցել։
«Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը Բուլղարիայի առաջին տիկին Դեսիսլավա Ռադևային գորգ նվիրեց, որը նույնպես կոչվում է «Արցախ»։
«Այս գորգն առաջինն է գործվել և միակն է։ Գորգը եղել է մասնավոր անձի հավաքածուում, և Մեգերյանները վերջերս են այն ձեռք բերել և վերականգնել»,- ասաց «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրենը։
«Ես չեմ կարող հավատալ, շատ շնորհակալ եմ նման նվերի համար։ Մենք նույնպես նվերով ենք եկել՝ բուլղարական կարպետ ենք ցանկանում նվիրել Մեգերյան ընտանիքին»,- նշեց Դեսիսլավա Ռադևան։
Վերջում Մեգերյանները ցույց տվեցին իրենց թոնրատունը, որտեղ թխում են լավաշ, որը փորձեց Բուլղարիայի առաջին տիկինը և ասաց, որ այն շատ համեղ է։