Խոշոր հարկատուների կշիռը «ծանրացել» է
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մի քանի օր առաջ հրապարակեց տնտեսական լրագրողների կողմից ամենից շատ սպասված պարբերականներից մեկը՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մեծությունը 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։
Ցանկի և առաջատար հարկատուների մասին արդեն գրվել է։ Մենք կփորձենք խոշոր հարկատուների ցանկի տվյալներին նայել ավելի գլոբալ, ոչ թե՝ առանձին ընկերությունների, այլ՝ ընդհանուր տնտեսության տեսանկյունից։
Այսպես, հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին 2017 թվականի ընթացքում պետական բյուջե են վճարել 807,4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Հանրապետության մասշտաբով հարկերի և տուրքերի ընդհանուր մուտքը (բոլոր հարկատուների կողմից) անցած տարվա ընթացքում կազմել է 1 տրլն 158,1 մլրդ դրամ՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների։
Այսպիսով, 1000 խոշոր հարկատուները 2017 թվականին ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 69,7%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին խոշորներն ապահովել էին ընդհանուր հարկային մուտքերի 66,3%-ը։ Սա նշանակում է, որ խոշորների կշիռը հարկահավաքման մեջ ավելացել է:
Կառուցվածքային այս փոփոխությունը, բնականաբար, խոշոր և ոչ խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի աճի տարբերության մեջ է։ 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 91,2 մլրդ դրամով կամ 12,7%-ով ավելի շատ հարկեր ու տուրքեր։ Իսկ ընդհանուր հարկային մուտքերը հանրապետության մասշտաբով աճել են 7,3%-ով։ Այսինքն, խոշորների հարկերն ավելի արագ են աճել, քան ընդհանուր հարկերը, և շատ ավելի արագ, քան ոչ խոշորներինը։
Լա՞վ է դա, թե՞ վատ՝ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Մի կողմից՝ խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի առաջանցիկ աճը կարող է մեկնաբանվե՝լ որպես դրական միտում, քանի որ վկայում է խոշոր բիզնեսում ստվերի կրճատման մասին։ Բացի այդ, սա նշանակում է, որ հարկային բեռի ծանրացումն իր ուսերին տարել է հիմնականում խոշոր բիզնեսը՝ այդպիսով փոքր և միջին ընկերություններին թույլ տալով ավելի ազատ «շնչել»։ Սակայն մյուս կողմից՝ խոշոր հարկատուների վճարած հարկերի աճը կարող է մեկնաբանվել՝ որպես բիզնեսի կենտրոնացման ապացույց, երբ փոքր և միջին բիզնեսի դերն ու կշիռը տնտեսության մեջ նվազում է՝ տեղը զիջելով խոշոր բիզնեսին։
Ինչ վերաբերում է խոշորների վճարած հարկերի կառուցվածքին՝ ըստ հարկատեսակների, ապա մեծ մասը (448,4 մլրդ դրամ կամ 55,5%) անուղղակի հարկերն են՝ ԱԱՀ-ն ու ակցիզային հարկը։ Ուղղակի հարկերի տեսակարար կշիռը խոշորների վճարած հարկերի մեջ 31,1% է (252,2 մլրդ դրամ)։ 2017 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկատուները վճարել են 1,6 մլրդ դրամի հաստատագրված վճարներ (ընդհանուրի 0,2%) և 105,2 մլրդ դրամի այլ հարկեր ու տուրքեր (13%):
Ընդ որում, 2016 թվականի համեմատ ուղղակի հարկերը թե՛ բացարձակ մեծությամբ, թե՛ կշռով նվազել են։ Այսպես, 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, խոշորների վճարած ուղղակի հարկերը նվազել են 7,4 մլրդ դրամով կամ 2,9%-ով։ Խոշոր հարկատուների ցանկում առայժմ մանրամասն չի նշվում ուղղակի հարկերի մեջ առանձին հարկատեսակների տվյալները, սակայն ընդհանուր հարկային մուտքերի մասին տվյալներից կարելի է հասկանալ, որ նվազումը պայմանավորված է շահութահարկի կրճատմամբ։ Անուղղակի հարկերն աճել են 73,4 մլրդ դրամով կամ 19,6%-ով, հաստատագրված վճարները՝ 175,3 մլրդ դրամով կամ 12%-ով, այլ հարկերն ու տուրքերը՝ 24,8 մլրդ դրամով կամ 30,9%-ով։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ հարկային մուտքերի աճը համահունչ է 2017 թվականի տնտեսական աճին՝ 7%-ի սահմաններում։ 2017 թվականի հարկերի մասին խոսելիս պետք է նաև նկատի ունենալ մի կարևոր հանգամանք. հարկային մարմինը 2017 թվականի սկզբից հրաժարվել է գերավճարներ հավաքելու պրակտիկայից։ Ավելին, շատ խոշոր ընկերություններ այս տարվա ընթացքում «մաշեցրել են» կուտակված գերավճարները՝ հարկային պարտավորությունների մի մասը մարելով դրանց հաշվին։ Այսինքն, եթե 2016-ի հարկային մուտքերի ցուցանիշից հանենք գերավճարները և համադրելի դարձնենք, ապա հարկային մուտքերի աճը շատ ավելի բարձր կլինի, քան վերը նշված տոկոսները։
Վերջում մի քանի խոսքով անդրադառնանք ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցնող առանձին գերխոշոր հարկատուներին։
«Գազպրոմ Արմենիան» շարունակում է զբաղեցնել խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականը՝ չնայած, որ նախորդ տարվա համեմատ նվազեցրել է հարկերը 2.66 մլրդ դրամով կամ 6.28%-ով և հասցրել 39.7 մլրդ դրամի։ Փոխարենը՝ երկրորդ տեղում ամրապնդվել է «Գրանդ Տոբակոն» և 12.2 մլրդ դրամով ավելացնելով հարկերը՝ զգալիորեն կրճատել է տարբերությունն առաջատարի հետ (34.7 մլրդ դրամ)։ Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է ՀԷՑ-ը՝ 22 մլրդ դրամով։
«Ալեքս Գրիգին» փոխարինած «Ալեքս Հոլդինգը» (Yerevan City սուպերմարկետների ցանց) 4-րդ տեղում է՝ 21.47 մլրդ դրամ։
Հինգերորդ տեղում հանգրվանել է «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերությունը 2016-ի համեմատ՝ կրկնապատկել է հարկերը և հասցրել 18.67 մլրդ դրամի։ Առաջին քսանյակում տեղ գտած գրեթե բոլոր հանքարդյունաբերական ընկերություններն ավելացրել են հարկերը՝ բացի Թեղուտից։ Սակայն աճի անվիճելի առաջատարը «Լիդիան Արմենիան» է, որն արդեն սկսել է Ամուլսարի հանքի շինարարությունը և տասնապատկել հարկերը՝ վճարելով 7.8 մլրդ դրամ։