«Եթե կոալիցիայից դուրս գալու խնդիրը լիներ, մենք չէինք էլ մտնի կոալիցիա». Արմեն Ռուստամյան

«Հարաբերությունների վատացման խնդիր գոյություն չունի: Ամեն ինչ պետք է տեղի ունենա կարգավորված, մեխանիզմները մշակված դաշտում: Այս հարաբերությունների հետ կապված ճշտումները նախատեսված են կոալիցիոն հուշագրով, որից դուրս Դաշնակցությունը չի գործել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հերքելով, որ ռեյտինգային ընտրակարգի շուրջ տարաձայնությունները վատացրել են կոալիցիոն գործընկերների հարաբերությունները:

Ըստ նրա` ԸՕ-ի հետ կապված որևէ անակնկալ ՀՅԴ-ն չի մատուցել որևէ մեկին, այդ թվում` ՀՀԿ-ին, և ԸՕ-ի ընդունման ժամանակ հանուն համախոհության, կոնսենսուսի ձևավորման՝ իրենք գնացել են փոխզիջման, բայց ընտրություններում փորձարկումից հետո ՀՅԴ-ն ավելի համոզվեց, որ Հայաստանում գործող ռեյտինգային ձևը շեղում է համամասնական ընտրակարգից. «Չեմ կարծում, որ նոր բան է առաջացել, որից հարաբերությունները պետք է վատանան»:

«Եթե կոալիցիայից դուրս գալու խնդիրը լիներ, մենք չէինք էլ մտնի կոալիցիա»,- նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության հետ համագործակցությանը` ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի, Ա.Ռուստամյանը նշեց, որ այն մարտավարությունը, որ իրենք ուզում են շարունակել` տանել օրենքը, քվեարկել, թեկուզ չընդունեն, ՀՅԴ-ի համար ընդունելի չէ.

Կարդացեք նաև

«Դրա հաճույքը ո՞րն է: Եթե գիտենք, որ դրան գնալու դեպքում հաստատ չի ընդունվելու, էդ ճանապարհն ինչո՞ւ անցնենք, իմաստը ո՞րն է: Մենք պետք է անենք մի բան, որն արժևորվի, կյանքի կոչվի: Ռեալ պոլիտիկն այն է, որ կարողանաս ծրագրերդ կյանքի կոչես: Շատ հարցեր, որ առաջարկել է Դաշնակցությունը, նախ մերժվել է, հետո հասկացել են և ընդունել»:

Սակայն, ըստ նրա, քաղաքական կոնսենսուսի հույս ունենալը միշտ էլ պետք է պահպանեն. «Բայց մենք գիտենք, որ այս հարցը գլխավոր տարաձայնություններ առաջացնող հարց է եղել, և Ընտրական օրենսգիրք փոխելը չի նշանակում՝ միայն մի հարցով հրապարակ գալ: Մենք պետք է փաթեթը ձևավորենք, որովհետև կա խնդիր, տեղի ունեցած ընտրությունների հետևանքները քննարկվել են, գնահատվել են ոչ միայն մեր, այլև միջազգային կառույցների կողմից, և ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը շուտով կհրապարակվի, և կտեսնեք, որ այնտեղ խնդիրներ են դրվում: Շտապողականությունը մենք չենք հասկանում, ավելի լավ է մենք դանդաղ գնանք, բայց տեղ հասնենք»:

Տեսանյութեր

Լրահոս