«Ադրբեջանում ցանկացած փռշտոց պատերազմական գործողությունների սկիզբ չէ». Վարդան Ոսկանյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշման կայացման վրա ազդել են թե՛ արտաքին, թե՛ ներքին մի շարք գործոններ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով արտաքին գործոնների մասին՝ իրանագետն ասաց, որ Ադրբեջանում որոշակի մտավախություններ կան առ այն, որ միջազգային հանրությունը բացասական կարծիքներ կունենա ընտրությունների մասին.
«Հետևաբար՝ ընտրությունների ժամկետը կարծես թե համաձայնեցվում է մի այնպիսի ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում այդ հանրությունը զբաղված է լինելու։ Ակնհայտ է, որ այդ հանրության համար շատ ավելի հետաքրքիր են Ռուսաստանում ընթացող զարգացումները, քան Ադրբեջանի ներսի զարգացումները։ Ակնհայտ է, որ ռուսական ընտրությունների ժամանակաշրջանին մոտեցնելը միտում ունի միջազգային հանրության ուշադրությունից խուսափելու»։
Մյուս արտաքին գործոնը, ըստ նրա՝ հենց ռուսական ազդեցությունն է Ադրբեջանի ներսում. «Ակնհայտ է, որ Ռուսաստանն Ադրբեջանի ներսում էլ ունի հսկայական լծակներ՝ ազդելու այս երկրի ներքաղաքական զարգացումների վրա, և ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում Ռուսաստանը զբաղված է լինելու սեփական խնդիրներով»։
Ինչ վերաբերում է ներքին գործոններին, ապա դրանցից առաջինը, իրանագետի խոսքով՝ ընդդիմությանը համախմբելու հնարավորությունից զրկելն էր. «Դա ինչ-որ առումով պետք է արդյունավետ գնահատել, որովհետև արդեն եղել են տարբեր քաղաքական ուժերի կողմից հայտարարություններ, որ նրանք ուղղակի չեն մասնակցելու այդ ընտրություններին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունը նախ՝ տարանջատված է, երկրորդ՝ լուրջ ուժ չի ներկայացնում։ Այս իմաստով էլ Իլհամ Ալիևի թիրախը կարծես թե խոցվել է։ Մյուս կարևոր ներքաղաքական հանգամանքը, որի մասին շատ քիչ է խոսվում մեզանում, կրոնական ընդդիմության առկայությունն է Ադրբեջանի ներսում։ Ակնհայտ է, որ Ալիևը քաղաքական ընդդիմությանը հեռացնելով ասպարեզից՝ ասպարեզում թողել է ազատ տարածք, որը լսվում է կրոնական ընդդիմության կողմից, և այժմ Ադրբեջանի ներսում ամենահզոր ընդդիմությունը, որը նաև քաղաքական պահանջներ է ներկայացնում, կրոնական ընդդիմությունն է, այսինքն՝ շիայական զանազան խմբերը»։
Վերջիններս, ըստ նրա՝ հովանավորվում են Իրանի կողմից. «Բայց այդ խմբերի համար էլ ժամանակահատվածը բավականին կարճ է։ Այսինքն՝ նմանատիպ խաղի միջոցով Ալիևը փորձում է ընտրություններն անցկացնել իրեն հարմար ժամանակահատվածում՝ հնարավոր բարդացումներից խուսափելու նպատակով։ Միգուցե ադրբեջանական կողմը վերլուծել և գտել է, որ ընտրություններն այդ պահին անցկացնելը շատ ավելի նպաստավոր կլինի իրենց համար, որովհետև գիտեք՝ Հայաստանում էլ կառավարման համակարգի փոփոխություն է տեղի ունենալու։
Այս իմաստով՝ միգուցե Ալիևն էլ ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել քաղաքական գործընթացն Ադրբեջանի ներսում, որպեսզի հնարավորություն ունենա հավասար պայմաններով շարունակելու հայկական կողմի հետ բանակցությունները»։
Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ անտեղի է Ադրբեջանում ցանկացած փռշտոցով պայմանավորել պատերազմական գործողությունների սկիզբ. «Հայկական կողմը և Ադրբեջանը, ըստ էության, գտնվում են պատերազմի մեջ։ Այդ պատերազմը երբևէ չի դադարել, այն շարունակվում է բոլոր հարթություններում, լինի դա շփման գծում, ճակատում, քարոզչական դաշտում և բոլոր այն տիրույթներում, որտեղ հայկական կողմի և Ադրբեջանի շահերը բախվում են։ Հետևաբար՝ լրացուցիչ անհանգստություններ առաջացնել մեր հասարակության մեջ՝ պարբերաբար խոսելով Ադրբեջանի կողմից նախաձեռնվելիք պատերազմի վերաբերյալ, կապելով այդ պատերազմի հնարավորությունն այդ երկրում ընթացող ցանկացած գործընթացի հետ, սխալ է։
Ակնհայտ է, որ մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք այդ պատերազմին, հենց այս պահին էլ պետք է պատրաստ լինենք, և ես համոզված եմ, որ համապատասխան մարմիններն այդ աշխատանքը տանում են։ Այդ աշխատանքը չի կարելի լիովին անթերի համարել, բայց լրացուցիչ անհանգստություններ հայ հասարակության մեջ առաջացնելն էլ կոպտագույն սխալ է։ Մենք չենք կարող մեր հասարակությանն անընդհատ պահել պատերազմի սպասման մեջ։ Հետևաբար՝ պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր»։