Ինչպե՞ս կարձագանքի Ռուսատանը Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Մայիսի 14-25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները: Անցած տարի, հիշեցնենք, Հայաստանը ետ կանգնեց Վրաստանում երկրորդ անգամ անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց, և շատերը դրանում ռուսական գործոն էին տեսնում։ Այժմ՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին, ի՞նչ արձագանք կունենան այս զորավարժությունները։
ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը՝ լինելով ՀԱՊԿ անդամ պետություն, միաժամանակ ակտիվ համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ։
«Բնական է, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չկա և չի էլ եղել, բայց դա չի խանգարում, որպեսզի մեր գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ խորացնենք և զարգացնենք։ Պետք է հաշվի առնել նաև, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի տարբեր զորավարժություններին մասնակցում է, և նախորդ տարի Վրաստանում անցկացված լայնամասշտաբ զորավարժությունը նույնպես բացառություն չէր, Հայաստանն այդ զորավարժությանն էլ մասնակցեց, և այդ զորավարժությանը եկավ և ողջունեց նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։ Եվ կարծում եմ, զարմանալու ոչինչ չկա, թե ինչու է Հայաստանը մասնակցում զորավարժություններին»,- ասաց Ս.Սարգսյանը։
Նա նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի կազմում նաև խաղաղապահական գործողությանն է մասնակցում, և այս առումով որևէ բացառիկ կամ զարմանալի բան այստեղ չկա։
Զորավարժությունները Հայաստանի տարածքում անցկացնելու հանգամանքը, Ս.Սարգսյանի կարծիքով, խանդ չի առաջացնի Ռուսաստանում. «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակից պետություն է, որտեղ հստակ պատկերացում կա, որ Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ի անդամակցության որևէ հարց չկա, մենք անկեղծ ենք աշխատում մեր ռուս գործընկերների հետ, դրա համար էլ ՌԴ բարձրագույն իշխանության կողմից, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, որևէ կշտամբանք չի եղել մեր նկատմամբ։ Եվ կարծում եմ՝ այդ բաց երկխոսության պատճառով է, որ որևէ խնդիր չի առաջացել, և Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ վերջին համաձայնագիրը։
Նաև ուզում եմ նկատել, որ ռուս փորձագետները շատ ավելի ագրեսիվ են ու ծայրահեղական գնահատականներ են տալիս, քան ՌԴ բարձրագույն իշխանություննները, այնպես որ, սրան և ռուսական փորձագիտական շրջանակների ռեակցիային պետք է հանգիստ մոտենալ ու որևէ բացասական միտում կամ հակառուսական ինչ-որ քայլ չփնտրել»։