Բաժիններ՝

«Սահմանափակվում է կառավարության թափանցիկ աշխատելու՝ մինչ այս եղած հնարավորությունը». Փորձագետները՝ կառավարության դռնփակ նիստերի մասին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ այն, որ կառավարության նիստերն այսուհետ դռնփակ են լինելու, բացասաբար չի անդրադառնա կառավարության գործունեության արդյունավետության վրա:

168.am-ի հետ զրույցում Կ. Քոչարյանը նկատեց, որ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում և մի շարք այլ զարգացած երկրներում կառավարության նիստերը փակ են անցկացվում. «Ենթադրվում է, որ դիալոգի տեղն ԱԺ-ն է: Դռնփակ՝ չի նշանակում, որ կառավարությունը չի ասելու՝ ինչ հարցեր են քննարկվել, բայց բուն պրոցեսը ոչ մի տեղ էլ բաց չէ, շատ երկրներում բաց չէ»: Կ. Քոչարյանն այստեղ թափանցիկության հետ կապված խնդիր չի տեսնում:

Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության դասախոս Կարինե Քալանթարյանը նշեց, որ սա կառավարության թափանցիկ աշխատելու սահմանափակում է.

«Սահմանափակվում է կառավարության թափանցիկ աշխատելու՝ մինչ այս եղած հնարավորությունը, թեև դա կարող է նաև դրական ազդեցություն ունենալ այն իմաստով, որ սովորաբար և՛ պատգամավորները, և՛ կառավարության անդամները տեսախցիկի մոտ չեն քննարկում հարցերն այնպես, ինչպես կքննարկեին առանց տեսախցիկի: Այդ առումով, գուցե, ավելի արդյունավետ լինի, բայց, որ թափանցիկության սահմանափակում կա, դա միանշանակ է»:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նշեց, որ մեզ մոտ շատ բան կախված է նրանից՝ տեսախցիկների դե՞մ են այդ միջոցառումն իրականացնում, թե՞ առանց տեսախցիկների. «Հենց խորհրդարանում տեսախցիկները միանում են, բանավեճեր, տուրուդմփոցներ են սկսվում, հենց տեսախցիկներն անջատվում են, շատ դեպքերում տեսնում ենք՝ այդ նույն բանավիճողները բավականին խաղաղ իրար հետ զրուցում են, գնում են սուրճ խմելու: Եթե դռնփակ նիստերը նրա համար են արվում, որպեսզի նախարարներն իրենց ավելի անկաշկանդ զգան և իրոք բանավիճեն կոնկրետ նախագծերի շուրջ, այլ ոչ թե ցույց տան միատարր, կուռ կառույց, ես դա նորմալ կհամարեմ, բայց եթե դա արվում է նրա համար, որ ինչ-որ բաներ ծածկադմփոց արվի, բնականաբար, նորմալ չեմ ընկալում»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ այս որոշումը կառավարության աշխատանքի թափանցիկությունը կտրուկ նվազեցնում է. «Հաշվի առնելով՝ երկրում ինչպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ կան՝ չեմ կարծում, որ քննադատությունը կառավարության աշխատանքի նկատմամբ կնվազի, բայց կարծում եմ՝ այդ քննադատությունն էլ չի լինի այնքան արդյունավետ, ինչքան եղել է այն ժամանակ, երբ լրագրողների համար այդ նիստերը հասանելի էին: Ընդհանուր իրազեկման մակարդակն իջնելու է, լինելու է դժգոհություն՝ առանց կոնստրուկտիվ մոտեցման, եթե կառավարությունը դրան է ձգտում, ապա ինքը լավագույն ձևով այդ խնդիրը լուծում է և այդ նպատակին հասնում է: Հաստատ կառավարությունը դրանից չի շահելու, շահելու են այն գործերը, որոնք կառավարությունը պարտավոր է իրականացնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս