
«Time» հանդեսը Փյոնչհանում ամենացուրտ Օլիմպիադան է կանխատեսում վերջին տասնամյակների ընթացքում

Ձմեռային օլիմպիական խաղերը Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում կարող են դառնալ ամենացուրտը 1994 թվականից ի վեր:
Այդ մասին հայտնել է ամերիկյան “Time” հանդեսը: Հանդեսի տեղեկատվությամբ՝ կանխատեսումների համաձայն՝ Կանվոնդոյի նահանգում, որի տարածքում է գտնվում Փյոնչհանը, Օլիմպիադայի ժամանակ օդի ջերմաստիճանը կարող է իջնել ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 13 աստիճանի նշագիծ, ինչը ձմեռային խաղերի համար ռեկորդային ցածր ցուցանիշ կդառնա վերջին տասնամյակների ընթացքում: Վերջին տասնամյակներին «ամենացուրտը» համարվում են 1994 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք տեղի են ունեցել Նորվեգիայի Լիլլեհամեր քաղաքում:
Այն ժամանակ ջերմաստիճանն իջել է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 11 աստիճան: Օդերեւութաբանական կանխատեսումները լրջորեն անհանգստացնում են Օլիմպիադայի կազմակերպիչներին, ինչպես նաեւ Հարավային Կորեայի նախագահի վարչակազմին:
Այսպես, որպեսզի մարզիկները, հանդիսականները եւ աշխարհի ղեկավարները բացման արարողության ժամանակ չսառչեն, մարզադաշտում նստոցների կողքին տեղադրել են հալոգենային ջեռուցիչներ: Բացի դրանից, մարդկանց կբաժանեն բաճկոններ եւ ձեռքերի համար նախատեսված ջեռակներ: Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 9-ից մինչեւ 25-ը Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: