Թրամփը հրաժարվեց փակել Գուանտանամոյի բանտը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Գուանտանամոյի զինվորական բանտը պահպանելու մասին, ինչը չեղարկում է դրա փակման վերաբերյալ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի կարգադրությունը:
Այդ մասին հայտնել է The Washingtion Post-ը: «Երկրի դրության մասին» ավանդական ուղերձով ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում, նա նշել է, որ 2017 թվականին երկիրը ազատ է արձակել հարյուրավոր վտանգավոր ահաբեկիչների, այդ թվում՝ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին «միայն նրա համար, որ վերստին նրանց հետ հանդիպի մարտի դաշտում»:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հետախուզության տնօրենի աշխատակազմի տվյալներով՝ Գուանտանամոյի բանտից 728 ազատվածների մոտավորապես 17 տոկոսը վերադարձել է մարտական գործողություններին, 12 տոկոսը կասկածվում է դրանում:
Գուանտանամոյի բանտը ճամբար է այն անձանց համար, որոնք ԱՄՆ-ի իշխանությունների կողմից կասկածվում են տարբեր հանցագործությունների, հիմնականում՝ ահաբեկչության, հակառակորդի կողմում պատերազմ վարելու մեջ: Այն գտնվում է Գուանտանամոյի ծոցում (Կուբա) անժամկետ վարձակալված ռազմածովային բազայում: