Ինչ է տեղի ունեցել Արմեն Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի միջև. մանրամասնում է Արմեն Սարգսյանը
ՀՀԿ կողմից առաջարկված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական էլիտայի, ղեկավարության հետ քաղաքակրթական հակասություններ չի ունեցել և չունի. Հակասություններ չեն եղել նաև Վազգեն Սարգսյանի հետ: Այս մասին Արմեն Սարգսյանը հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության հետ հունվարի 30-ին կայացած հարցազրույցում:
«Խոսվում է Վազգեն Սարգսյանի և ձեր հակասությունների մասին այն ժամանակ, երբ դուք թողեցիք վարչապետի պաշտոնը: Դուք արդեն ասել եք, որ դա սուտ է: Ես ցանկանում եմ ավելի խորը վերցնել. արդյո՞ք ունեիք, կամ ունեք քաղաքակրթական հակասություններ Հայաստանի էլիտայի, Հայաստանի ղեկավարության հետ»,- լրագրողի հարցին ի պատասխան Արմեն Սարգսյանն ասաց.
«Իհարկե, սա լրագրողի տված շատ նուրբ հարց է, որի պատասխանը մեկն է՝ ոչ: Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի մասին ձեր տված հարցին. վերջերս Դավոսում կրկին քննարկվեց այն խնդիրը, որ 21-րդ դարի սկզբում առկա է այսպես կոչված «սուտ լուրի» ֆենոմենը:
Սա գլոբալ երևույթ է, գլոբալիզացման ձևերից մեկը, և, վերջապես, մարդիկ հասկացան, որ դա նաև շատ հզոր գործոն է, որը կարող է հսկայական ազդեցություն ունենալ ոչ միայն առանձին երկրների տարածքում, այլև միջպետական հարաբերություններում: Եթե վերադառնանք 1997թ., ապա առաջին սուտ լուրերից մեկը, որը տվյալ դեպքում, կարծում եմ, չարամիտ սուտ էր, դա այն սուտն էր, որը խոսում էր իմ և Վազգեն Սարգսյանի միջև ենթադրական կոնֆլիկտի մասին: Ես դրա մասին չեմ խոսել 20 տարի, քանի որ, ի վերջո, հեշտ չէ ու ցանկալի չէ, երբ մարդն իր անձնական կյանքը պատմում է բոլորին: Բայց հասկանում եմ՝ եթե ՀՀ Նախագահն ինձ առաջարկել է լուրջ մտածել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, ու, չնայած կան, բնականաբար, անձնական կյանքի սահմաններ, սակայն որոշ դրվագներով ես պետք է կիսվեմ»:
Արմեն Սարգսյանը հայտնեց, որ 1997թ-ին հիվանդացել էր ծանր հիվանդությամբ: «Սկզբում ինքս չէի գիտակցում դրա ծանրությունը, և, իրականում, երախտապարտ եմ մի քանի անձի, որ ժամանակին ինձ ստիպեցին զբաղվել իմ առողջությամբ: Նրանցից առաջինը Եվրոպական բանկի նախկին նախագահ, Ֆրանսիայի նախկին ֆինանսների նախարար Ժակ Դելարոսիեն էր, ում հետ Վաշինգտոնից վերադարձի ժամանակ Լոնդոնում հանդիպեցինք՝ քննարկելով ՀՀ-ին տրամադրվող վարկային գիծը: Ժակն իմ լավ բարեկամն էր, նա ինձ ասաց. «Արմեն, դուրս չես գալիս, շատ ես նիհարել և ինչ-որ հիվանդագին բան կա»: Պատասխանեցի, որ հոգնած եմ, ճանապարհորդում եմ, ինչին ի պատասխան նա ասաց, որ ոչ մի վարկ չի քննարկի, մինչև ես իմ բժշկին չտեսնեմ: Բժշկի մոտ այցելելուց հետո պարզվեց, որ հիվանդություն ունեմ, որը կարող է և շատ ծանր լինել, և դրա համար անհրաժեշտ է հաջորդ հետազոտությունն ու, գուցե, շտապ վիրահատություն:
Վերադարձա Երևան, կիսվեցի այս լուրով Հանրապետության նախագահի հետ և գործընկերների շատ փոքր խմբի հետ, որոնց թվում էին Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Սարգսյանը, և այդ ժամանակ Ներքին գործերի և անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: Նրանք պնդեցին, որ ես, անպայման, շտապ մեկնեմ բուժվելու: Նրանց ևս շնորհակալ եմ, որովհետև եթե ժամանակին չէի մեկնի, այլ ավելի ուշ կմեկնեի, քանի որ չէի գիտակցում հիվանդության խորությունը, պաշտոնով իմ վրա դրված պատասխանատվությունը առաջացրել էր, ինչ-որ իմաստով, իրականության զգացման կորուստ: Արդյունքում մեկնեցի բուժման Լոնդոն, օդանավակայանում ինձ ճանապարհում էր Վազգեն Սարգսյանը: Վիրահատվեցի, ապա երկար՝ 1.5 տարի շատ ծանր բուժման ճանապարհ եմ անցել: Եթե Ժակ Դելարոսիեն, Հանրապետության նախագահը և գործընկերները ինձ չստիպեին, այսօր դուք ուրիշ մարդու հետ հարցազրույց կանցկացնեիք: Դրա համար երախտապարտ եմ»,- պատմեց Արմեն Սարգսյանը:
Նա հավելեց, որ շատ լավ բարեկամներ են եղել Վազգեն Սարգսյանի հետ:
«Հասկանում եմ, որ եթե անգամ ինչ-որ հրաշքով այսօր Վազգենը լիներ իմ կողքին և երկուսով միասին ասեինք, որ այդ լուրերը սուտ են, միևնույն է, կգտնվեին «սրամիտ» անձինք, ովքեր կասեին, որ պայմանավորվել ենք: Իհարկե, ցավոք Վազգենը կենդանի չէ, բայց ես հաճույքով հիշում եմ իրեն: Ընկերների, բարեկամների հետ մենք Վազգենենց ամառանոցում հաճախ էինք լինում, որտեղ ես ու նա միշտ մրցում էինք թենիս խաղալիս: Ես խաղում եմ մանկուց, համարյա՝ պրոֆեսիոնալ, իսկ Վազգենը շատ էր ուզում լավ թենիսիտ դառնալ, արդյունքում՝ ցանկացած խաղ վերածվում էր ինչ-որ հետաքրքիր երևույթի»,- եզրափակեց նա: