
Պուտինն ուղերձ է հղել Սոչիի համաժողովի մասնակիցներին

Սոչիում աշխատող Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հնարավորություն է ընձեռում իրագործել պատերազմը դադարեցնելու եւ ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու սիրիացիների ձգտումը: Այդ մասին ասված է համաժողովի մասնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հղած ուղերձում, որի տեքստն ընթերցել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ձեր համաժողովը կոչված է վերստին համախմբելու Սիրիայի ժողովրդին գրեթե յոթնամյա զինված հակամարտությունից հետո, որը հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, միլիոնավոր քաղաքացիների հարկադրեց լքել իրենց հայրենիքը,-հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:-Լավ հնարավորություն է ընձեռված իրագործելու եղբայրասպան պատերազմը դադարեցնելու, ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու, բնականոն կյանքի վերադառնալու սիրիացիների ձգտումը»:
Պուտինը նաեւ նշել է, որ այսօր ստեղծված են պայմաններ՝ շրջելու Սիրիայի պատմության ողբերգական էջը: