Հռոմում փորձել են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Հռոմում փորձել են ձերբակալել: «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ Հռոմի իր հյուրանոցի համարից, որում երևում է, որ ոստիկանները ներխուժել են նրա համար և գործողություններ են իրականացնում:
«Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր հյուրանոցի իմ սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ»,-գրել է Փաշինյանը։
2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն առժամանակ ընդհատակ էր անցել, Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իսկ Իտալիայի ոստիկանությունը աչալուրջ է գտնվել և փորձել է ձերբակալել նրան 10 տարի անց:
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները: