Բաժիններ՝

«Այս օրենքով պետությունը բուհերին հասկացնում է, որ՝ «ամեն մեկդ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք»». Սերոբ Խաչատրյան

«Որպես փաստաթուղթ՝ օրենքն իսկապես շատ լավն է և ճկուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի մասին՝ ասաց կրթության ոլորտի մասնագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նկատելի է, որ կատարվել է բավականին մեծ աշխատանք. «Նկատվում է, որ փորձ է արվում Հայաստանի բարձրագույն կրթական համակարգն ավելի մոտեցնել եվրոպական համակարգին: Ամենագլխավոր նորությունն այն է, որ այս օրենքի նախագծով փորձ է արվում բարձրագույն կրթության համակարգը դարձնել ավելի ճկուն: Ուսանողներին կառաջարկվեն ուսման նոր հնարավորություններ: Եթե մենք նախկինում ունեինք բակալավրիատ, որը ֆիքսված էր՝ 4 տարի, մագիստրատուրա՝ 2 տարի, այս օրենքով առաջարկվում է, օրինակ, նախաբակալավրիատ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի կարճ տևողությամբ կրթություն ստանալ, ավելի արագ դուրս գալ բուհից և ավելի շուտ մտնել աշխատաշուկա»:

Փորձագետը նկատեց, որ նախագծով հնարավորություն է տրվում նաև իրականացնել ինտեգրված ուսուցում, այսինքն՝ միացնել բակալավրիատը և մագիստրատուրան. «Մյուս ճկունությունն այն է, որ ուսանողին հնարավորություն է տրվում սովորել մինչև 8 տարի: Եթե ուսանողն աշխատում է, զբաղված է, ունի ընտանեկան խնդիրներ, ինքը կարող է վերցնել ուսման ավելի թեթև տեմպ, և այն կրեդիտները, որ այսօրվա դրությամբ ինքը պետք է հավաքեր 4 տարում, պետությունն իրեն հնարավորություն է տալիս հավաքել մինչև 8 տարում: Սա շատ լավ բան է, որովհետև ուսանողների մեծ մասն աշխատում է, ու հաճախումների հետ կապված լուրջ խնդիր ունենք»:

Ս. Խաչատրյանը նշեց, որ մյուս դրական զարգացումն այն է, որ բուհական խորհուրդները փոփոխվում են, և մեծանում է գործատուների թիվը և դառնում է 30 տոկոս. «Նվազում է ուսանողների թիվը՝ դառնալով 10 տոկոս, եթե հաշվի առնենք, որ բուհական խորհուրդներում կարող են լինել 10-20 անդամ, դա նշանակում է, որ առաջիկայում բուհական խորհուրդներում մենք կարող ենք ունենալ 1 կամ 2 ուսանող: Կարծում եմ՝ բուհերը գուցե ավելի շատ շահեն գործատուների թվի ավելացումից, քան՝ կորցնեն ուսանողների թվի նվազումից: Ամենամեծ փոփոխությունն այն է, որ այլևս բուհական խորհուրդներում չեն կարող լինել քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, մարզպետներ: Երևանի պետական համալսարանին օրենքով տրված է հատուկ կարգավիճակ, և պետք է կառավարությունը սահմանի այդ հատուկ կարգավիճակը: Չի բացառվում, որ պետական համալսարանի դեպքում այդ բացառությունն արվի, որ խորհրդի կազմում հնարավորություն տրվի նաև, որ լինեն քաղաքական դեմքեր»:

Կարդացեք նաև

Փորձագետը, այնուամենայնիվ, չի կարծում, որ բարձրագույն կրթության հիմնական խնդիրը հենց օրենքն էր. «Ձեր կարծիքով՝ արդյոք ուսանողները կուզե՞ն այսօր 8 տարում ավարտել համալսարանն այն դեպքում, երբ դպրոցի կրթությունը 2 տարով երկարացվել է, տղաները 2-3 տարի պետք է պարտադիր ծառայեն: Այսինքն՝ եթե նա 8 տարի էլ համալսարան գնա, կստացվի՝ 30 տարեկանում կավարտի: Այսօր ուսանողների ճնշող մեծամասնությանն անհրաժեշտ է դիպլոմ ստանալ, հետևաբար՝ դիպլոմի ստացման հետաձգումն ուսանողի համար ձեռնտու չէ»:

168.am-ի հարցին՝ կրթության որակի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ 8-ամյա սովորելը, Ս. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, որ սա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա: Կազդեր այն դեպքում, երբ Հայաստանում լինեին ուսանողներ, ովքեր ասեին՝ «քանի որ այս ֆակուլտետում գիտելիքներն այնքան խորն են, որ ես չեմ հասցնում 4 տարում յուրացնել, դրա համար ես գնում եմ 6, 7, 8 տարում սովորելու, որ ավելի խորը հասկանամ», այդ դեպքում միգուցե որակի վրա ազդեր: Բայց մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր կա դիպլոմի մրցավազք»:

Ս. Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս օրենքը չի լուծում բուհական հիմնական խնդիրները, որովհետև այսօր բուհերում մի քանի խնդիրներ կան, որոնց լուծումներն այս օրենքում չկան. «Առաջինը ֆինանսավորման հարցն է: Բուհերն այսօր իրենց ֆինանսավորման 10-20 տոկոսն են պետությունից ստանում, մնացածն ուսման վարձերից է, սա շատ աննորմալ համամասնություն է պետական բուհերի համար: Այս օրենքով պետությունը բուհերին հասկացնում է, որ՝ «ամեն մեկդ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք»: Կառավարության փաստաթղթերից էլ երևում է, որ առաջիկա տարիներին բուհերի ֆինանսավորման ոլորտում էական տեղաշարժեր չեն լինելու: Այս օրենքը բուհերին հեռացնում է պետությունից, որպեսզի բուհերը կարողանան ինքնուրույն լուծել խնդիրը, բայց բոլորս էլ գիտենք, որ այսօր Հայաստանի բուհերի նկատմամբ կա անվստահություն, և շատ դժվար է մեծ ֆինանսներ բերելը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս