«Հայաստանը ռուս-վրացական միջանցքների մասին համաձայնագրին շատ ավելի լավ այլընտրանք ունի». Վրացի փորձագետ
«Ռուսաստանի և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» 2011 թվականի համաձայնագրի վերականգնումը լուրջ ընդվզում կառաջացնի Վրաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ռուս-վրացական տրանսպորտային համաձայնագրի վերականգնման մասին խոսակցություններին:
Հիշեցնենք, որ ինչպես ռուսական լրատվամիջոցներն են տեղեկացնում` հաջորդ շաբաթ Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն բանակցություններ կանցկացնեն ռուս-վրացական սահմանին բեռների մոնիտորինգի մասին 2011 թվականի համաձայնագրի վերականգնման շուրջ: Ռուսաստանի ԱԳՆ-ի համաձայն՝ Հայաստանը հետաքրքրված է ռուս-վրացական համաձայնագրի իրականացման հարցով, որը նոր խթան կհաղորդի տարածաշրջանում Ռուսաստանի հետ առևտրին:
«Մենք իսկապես ունենք Հայաստանի խնդրանքը: Բայց այս դեպքում խոսքը Ռուսաստանի և Վրաստանի միջև զուտ երկկողմ համաձայնագրի մասին է, որը կնքվել է Շվեյցարիայի միջնորդությամբ: Այն չի ենթադրում պարտավորություններ երրորդ երկրների, այդ թվում, իհարկե, Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության համար»,- ասել է Գրիգորի Կարասինը:
Նրա խոսքով՝ կողմերը պատրաստ են հնարավորինս շուտ ավարտել ներպետական ընթացակարգերը, որպեսզի համաձայնագիրն աշխատի: Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են անցնել 2011 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչմանը:
Մինչ այս համաձայնագրի փաստացի կյանքի կոչումն արգելափակվում էր այն պատճառով, որ Մոսկվան և Թբիլիսին չէին կարողանում պայմանավորվել, թե արդյո՞ք կարող են Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներն անմիջականորեն մասնակցել գործընթացին: Սուխումում և Ցխինվալում բազմիցս սպառնում էին հրաժարվել թույլ տալ «միջանցքներով» բեռների փոխադրումը, եթե նրանք չլինեն համաձայնագրի լիիրավ մասնակիցներ, բայց այդ տարբերակին կտրուկ դեմ էր Թբիլիսին:
Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ թեև Վրաստանի իշխանությունները, մասնավորապես՝ Վրաստանի վարչապետը, խոսել է շվեյցարական ընկերության հետ կնքվելիք համաձայնագրի մասին, հասարակությունը կտրուկ դեմ է արտահայտվել, քանի որ համաձայնագիրը դիտարկվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչում և Ռուսաստանի գործողությունների լեգիտիմացում, թեև այդ երկու տարածքներն այս համաձայնագրի կողմ չեն, ինչը որպես արդարացում է նշվում:
«Վրացի հասարակությունը լուրջ մտահոգություններ ունի այս համաձայնագրի իրագործման մասով: Այդ մասին խոսվում է վերջին տարիների ընթացքում, երբ ընթանում են ռուս-վրացական բանակցություններ: Նորություն չէ, որ այդ հարցը կրկին կդրվի բանակցային սեղանին: Բայց ես լիահույս չեմ, որ դրական հանգուցալուծում կստանա, քանի որ խնդիրները շատ են: Վրաստանին ինչո՞ւ է պետք նման համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ, ո՞րն է Վրաստանի շահը»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին: Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանի շահն ակնհայտ է, որը հանգում է Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը Հարավային Կովկասում:
«Կարծում եմ` այդ համաձայնագրին վերջնարդյունքում դեմ կլինի ոչ միայն՝ Վրաստանը, այլև՝ Արևմուտքը, որը տարածաշրջանին այլ պրոյեկտներ է առաջարկել, որոնցով և՛ ինքն է հետաքրքրված, և՛ Վրաստանը, և՛ Իրանը, որոնց վերաբերյալ ավելի պասիվ դիրքորոշում ունի Հայաստանը, քանի որ Ռուսաստանն այլ ծրագրեր ունի: Կարծում եմ` այս պրոյեկտի շուրջ քննարկումները դեռ երկար կշարունակվեն: Վրաստանը հայտնվել է դժվար կացության մեջ, քանի որ Հայաստանին Լարսին այլընտրանքներ են անհրաժեշտ, և տպավոություն է ստեղծվում, թե Վրաստանն աջակցում է Հայաստանի քաղաքատնտեսական շրջափակմանը, այնինչ Վրստանի փորձագիտական շրջանակներն այն կարծիքին են, որ տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը, կարող է այլ պրոյեկտներից շահել, որոնցում ավելի մեծ կլինի Եվրոպայի դերակատարությունը»,- նման տեսակետ հայտնեց Կախա Գոգոլաշվիլին: Նրա կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում Կարասին-Աբաշիձե բանակցություններն այս հարցի վերաբերյալ որևէ առաջընթացով չեն ավարտվի:
«Քանի դեռ Ռուսաստանն ակնհայտորեն կերկարաձգի համաձայնագրի ստորագրումը՝ փորձելով հավելյալ դիվիդենտներ քաղել վրացական կողմից, բանակցություններն այդ և մնացած հարցերի շուրջ անկեղծ չեն կարող դիտարկվել հասարակության կողմից, ուստի այդ համաձայնագրի հնարավոր ստորագրումը կարող է մեծ անակնկալների արժանանալ վրաց հասարակության կողմից»,- ասաց Գոգոլաշվիլին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել տրանսպորտային ուղիներից՝ Աբխազիայով և Հարավային Օսիայով Ռուսաստանից ապրանքների ներկրման համար:
Տեղեկացնենք, որ համաձայնագիրը, որի վերակենդանացման մասին խոսվում է, ստորագրվել է 2011 թվականին, երբ Վրաստանը հանել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վետոն: Վրացական կողմը պայման է առաջադրել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով բեռներն անցնեն Ռուաստանից առևտրային միջանցքներով: Ըստ որում՝ կողմերը պարտավորվել են միջազգային միջնորդների հրավիրել բեռների հոսքը և մակնշումը վերահսկելու համար: Միջնորդ է դարձել շվեյցարական SGS ընկերությունը: