Բաժիններ՝

«Ինձ հաջողվեց Հայաստանի առաջնությունում որակյալ պարտիաներ խաղալ». Հայկ Մարտիրոսյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունն ամեն տարվա առաջին և ամենաորոշիչ մրցաշարերից մեկն է: Այս տարվա մրցաշարը ևս լարված էր, համառ պայքարով հարուստ: Գաբրիել Սարգսյանից հետո, ով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 17 տարեկանում, Հայկ Մարտիրոսյանն ամենաերիտասարդ Հայաստանի չեմպիոն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկը խոսեց առաջնության, Հայաստանի չեմպիոնության և առաջիկա անելիքների մասին:

-Ամփոփելով Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունը՝ ինչպիսի՞ն էր այն ձեզ համար:

-Շատ հետաքրքիր առաջնություն ստացվեց ինձ համար: Առավել հետաքրքիր էր, քան նախորդ տարի: Ուժեղ պայքար էր գնում հատկապես Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Սկզբում երեք անընդմեջ ոչ-ոքի խաղացի, իսկ Ռոբերտը երեք հնարավորից երեք հաղթանակ էր տոնել: Արդեն զգացի, որ եթե նորից ոչ-ոքի խաղամ, ապա կարող եմ նորից հետ ընկնել և դժվար կլինի չեմպիոնի կոչման համար պայքարել: Այս իսկ պատճառով սկսեցի ավելի ակտիվ խաղալ, անընդհատ սրում էի խաղը և 4 անընդմեջ հաղթանակներ տարա: Ամեն հաղթանակից հետո ավելի շատ էի հավատում, որ կդառնամ Հայաստանի չեմպիոն: Շատ լավ մրցաշար ստացվեց:

-Շախմատում չորս անընդմեջ հաղթանակները հեշտ չեն տրվում: Ինչպե՞ս ստացվեց ձեր պարագայում:

-Իմ մարզիչը` Աշոտ Անաստասյանը, շատ մեծ դեր է ունեցել այս հաղթանակում: Ցավոք, նա հիմա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեպես միշտ զգացել եմ նրա ներկայությունը: Ամեն քայլ անելիս, ամեն անգամ պատրաստվելիս միշտ հիշում եմ նրա խոսքերը. «Չլարվել և հոգեբանորեն ավելի ճիշտ մոտենալ»: Միշտ փորձում եմ հանգիստ գործել, եթե մրցակիցս ակտիվ է, եթե ոչ, ապա հակառակը: Ամեն հաղթանակից հետո լարվածություն չեմ զգացել, վստահությունս էր ավելանում: Ինձ հաջողվեց Հայաստանի առաջնությունում որակյալ պարտիաներ խաղալ:

-Հայաստանի առաջնության վարկանիշը շատ բարձր էր, սակայն ո՞ր պարտիաները դուք հիմնականում կառանձնացնեք:

-Կարելի է ասել, որ բոլորն էլ հիմնական և կարևոր էին: Քանի որ մինչև վերջին տուրը կարող էի ձախողվել և չեմպիոն չդառնալ: Այս իսկ պատճառով ամեն մի պարտիան իր կարևորության աստիճանն ունի:

-Առաջնության համար ամենակարևոր տուրը վերջինն էր: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

-Ընտանիքիս անդամները շատ էին հանգստացնում, որ լարվածություն չլիներ: Քանի որ երբ շախմատիստը լարվում է, սկսվում է անհաջողությունների շրջանը: Ոչ այնքան հաջող սկզբնախաղ ընտրեցի, սակայն ուզում էի պինդ դիրք ստանալ, որ մրցակցիս համար դժվար լիներ հաղթել: Ռոբերտին չհաջողվեց, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Ռոբերտ Հովհաննիսյանը շատ լավ շախմատիստ է և որակյալ պարտիաներ է խաղում, ինչպես նաև աշխարհի թիմային առաջնության չեմպիոն է:

-Դուք դեռ 18-ը չեք բոլորել: Արդյոք պատասխանատվության զգացումը մեծ չէ՞:

-Հիմա այն տարիքում եմ, որ հաջողության պետք է հասնեմ հենց այս տարիքում: Եթե մեծանաս, գուցե ուշ լինի: Մինչև 20 տարեկան պետք է աճ գրանցել: Հիմա փորձում եմ հնարավորինս լավ աշխատել, որ բարձր վարկանիշ ունենամ:

-Հայկ, մեր նախորդ զրույցում ասացիք, որ ձեր երազանքը հավաքականում խաղալն է, այն իրականացավ…

-Ես այնպիսի երազանքներ եմ դնում իմ առաջ, որոնք կարող եմ իրականացնել: Անհնարին բան չեմ դնում, որ ինքս ինձ չխաբեմ: Հաջորդ երազանքս հավաքականի կազմում չեմպիոն դառնալը կլինի:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:

– Առաջիկայում փետրվարին կմասնակցեմ «Աէրոֆլոտ օփեն»-ին, որն ուժեղ մրցաշար է և բարձր վարկանիշ ունի` 2550: Միայն պրոֆեսիոնալ գրոսմայստերներն են մասնակցում այս մրցաշարին: Նաև ցանկություն ունեմ մասնակցելու Եվրոպայի անհատական առաջնությանը:

Հարցազրույցը վարեց

Վարվառա Հայրապետյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս