Բաժիններ՝

Երևանում ապրող կանայք Մարտունիի շոգեբաղնիքում 5000 դրամով սեռական հարաբերություն են ունեցել՝ «ճանապարհածախսի, գոյությունը պահելու համար»

Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է 64-ամյա տղամարդու վերաբերյալ գործով դատախազի բողոքը։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր էր ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման՝ զրկվելով շոգեբաղնիք շահագործելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1տարի ժամկետով:

Նշանակված հիմնական պատիժը՝ 3 տարի ժամկետով ազատազրկումը, պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել էր անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչն իր առանձնատանը կից կառուցել և շահագործել է շոգեբաղնիքը, որտեղ որպես մատուցողուհիներ են աշխատել 4 կանայք, ովքեր շոգեբաղնիքում տիրոջ թույլտվությամբ, մատուցողուհու պարտականությունների կատարման ընթացքում, գումարի դիմաց հաճախորդների հետ զբաղվել են պոռնկությամբ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ որպես անհատ ձեռնարկատեր՝ իր կողմից շահագործվել է շոգեբաղնիքը: Այն 4-5 տարի չի շահագործվել, որից հետո, վերաբացել է: Շոգեբաղնիքում աշխատելու համար իրեն աշխատող է անհրաժեշտ եղել հաճախորդներին սպասարկելու համար, սակայն մինչ աշխատող ընդունելն ինքն է սպասարկել հաճախորդներին, նրանցից հարցրել է, թե քանի ժամ են մնալու շոգեբաղնիքում, ինչ են ուզում, քանի որ շոգեբաղնիքում մատուցվել է նաև հյութ, գարեջուր, սուրճ, աղի ձողիկ, իսկ օղի, ճաշատեսակ չի մատուցվել: Քանի որ իրեն շոգեբաղնիքում մատուցողուհի է անհրաժեշտ եղել, այդ մասին տեղեկացրել է ինչպես՝ շոգեբաղնիքի հաճախորդների,այնպես էլ՝ տարբեր մարդկանց:

Իրեն սկսել են զանգահարել տվյալ աշխատանքի համար: Ինքը նրանց զգուշացրել է, որ իր շոգեբաղնիքը նորմալ տեղ է, բացատրել է աշխատանքի բնույթը և ամեն ինչ հանձնել է նրանց, ծանոթացրել գներին:

Եղել են դեպքեր, երբ գնացել տեսել է, որ նրանք նորմալ նստած են եղել, դեպքեր էլ եղել են, որ նրանք սենյակներում են եղել նստած տղաների հետ խոսելիս: Ինքը նրանց հետ պայմանավորվել է օրական 5000 դրամ գումար վճարել և ամեն մի սեղանից՝ 1000 դրամ՝ որպես թեյավճար: Ինքը երբևէ չի զգացել, որ նրանք մարմնավաճառությամբ են զբաղվել: Հետագայում է իմացել այդ մասին, իմացել է նաև, որ մեկը մյուսի հետ կապված են, ընկերուհիներ են եղել: Երբ նկատել է, որ նրանք ինչ-որ կապի մեջ են գտնվել հաճախորդների հետ, նրանց հեռացրել է աշխատանքից:

Իր շոգեբաղնիք է եկել Երևանի մի բնակչուհի՝ մատուցողուհի աշխատելու համար: Վերջինս հաճախորդներին մատուցելու ժամանակ 15-20 րոպե մնացել է հաճախորդների մոտ, այնուհետև դուրս գալուց հետո իրեն հայտնել է, որ հաճախորդների հետ մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալու դիմաց 5000 դրամ գումար է վերցնում ճանապարհածախսի համար՝ նշելով, որ իր տված գումարն իրեն չի բավականացնում: Իր թույլտվությամբ, ճանապարհածախսի գումարի համար, նա երկու հոգու հետ սեռական հարաբերություն է ունեցել և վերադարձել է Երևան:

Դրանից հետո իր շոգեբաղնիք է եկել Երևանի մեկ այլ բնակչուհի, ով, մտնելով հաճախորդների մոտ, նույնպես ուշացել է, ինքը կասկածել է, և երբ հարցրել է, թե ինչու է ուշանում, վերջինս իրեն պատասխանել է, որ 5000 դրամի դիմաց, իր գոյությունը պահելու համար, սեռական հարաբերություն է ունեցել հաճախորդների հետ: Այդ պատճառով զայրացել է նրա վրա և պահանջել մյուս անգամ չկրկնել: Այնուհետև իր շոգեբաղնիք է եկել նաև կանանցից մեկի ընկերուհին: Այդ ընթացքում ինքը անձնական գործերով դուրս է եկել շոգեբաղնիքից: Երբ վերադարձել է՝ նկատել է, որ կանայք գտնվում են շոգեբաղնիքում: Մոտավորապես 20-30 րոպե անց, երբ դուրս են եկել, ինքը նրանց հարցրել է, թե ինչի համար են մնացել հաճախորդների մոտ, նրանք իրեն պատասխանել են, որ մեկ անգամի համար 5000 դրամ գումարի դիմաց հաճախորդների հետ ունեցել են սեռական հարաբերություն: Կանայք խնդրել են իրեն ճանապարհածախսի համար թույլատրել մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալ հաճախորդների հետ, ինքն էլ թույլ է տվել, որից հետո նրանք գնացել են:

Դրանից հետո իր շոգեբաղնիք է եկել մեկ այլ կին, որն իր մոտ մնացել է 3-4 օր: Նա նույնպես մտել է հաճախորդների մոտ և ուշացել է, ինքը հասկացել է, որ նա նույնպես մարմնավաճառությամբ է զբաղվում: Երբ հարցրել է ուշացման պատճառը, կինը պատասխանել է, որ որպես մատուցողուհի ստացած գումարն իրեն չի բավականացնում, որի պատճառով 5000 դրամի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել հաճախորդների հետ: Այդ մասին իմանալով՝ ինքը զայրացել և նրան ասել է, որ ինքը մատուցողուհի է և նման բանով չզբաղվի: Դրանից հետո՝ մեկ-երկու օր անց, կինը կրկին ուշացումով դուրս է եկել հաճախորդների մոտից և խոստովանել է, որ սեռական հարաբերություն է ունեցել հաճախորդի հետ: Քանի որ նա իր պահանջին չի ենթարկվել, նրան հեռացրել է աշխատանքից, նաև տվել է 2000 դրամ գումար՝ որպես ճանապարհածախս։

Մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ` միջնորդելով պատժի մասով բեկանել և փոփոխել վերոնշյալ դատական ակտը, ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով և նրան զրկել շոգեբաղնիք շահագործելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս