Կահիրեում տեղափոխում են Ռամզես Երկրորդ փարավոնի վիթխարի արձանը
Հունվարի 25-ի առավոտյան Կահիրեի արվարձանի Գիզայի բուրգերի համալիրի շրջանում սկսվել է Հին Եգիպտոսի Ռամզես Երկրորդ փարավոնի ավելի քան 3 հազար տարեկան հսկայական արձանը 400 մետրով տեղափոխելու բարդ տեխնիկական գործողությունը:
Արձանը բարձել են հատուկ կցասայլերի վրա եւ հուսալիորեն ամրացրել: Հին հուշարձանը տեղափոխում են ուղղահայաց դիրքով, որպեսզի նվազեցվի նրա բեռնվածությունը:
Կատարող-ընկերությունը վաղօրոք ամրացրել եւ հարթեցրել է այն ամբողջ ճանապարհը, որով տանելու են արձանը: Տեղափոխությունը որոշվել է անցկացնել հանդիսավոր մթնոլորտում՝ օրհներգի եւ ռազմական քայլերգերի հնչյունների ներքո. ամբողջ ճանապարհին արձանն ուղեկցելու են հեծելազորայինները՝ տոնական համազգեստով: Գործողությունը դիտելու համար հրավիրված են հասարակական գործիչներ, լրագրողներ, դիվանագետներ:
Սա վերջին 15 տարվա ընթացքում 11-մետրանոց հին եգիպտական արձանի արդեն երկրորդ տեղափոխությունն է: 2006 թվականին Ռամզես Երկրորդին Գազայի համալիրի շրջան էին տեղափոխել Կահիրեի կենտրոնական երկաթուղային կայարանի մերձակա հրապարակից, որտեղ «փարավոնը» կանգնած էր ավելի քան 50 տարի: Այն ժամանակ տեղափոխման մասին որոշումն ընդունվել էր այս անգին արտեֆակտը պահպանելու նպատակով. աղմուկը, փոշին եւ գնացքների երթեւեկությունից առաջացած վիբրացիան հուշարձանին անուղղելի վնաս Էին պատճառում:
Այս անգամ արձանը կտեղափոխեն ընդամենը 400 մետրով, որպեսզի այն կանգնեցնեն նոր Եգիպտական մեծ թանգարանի նախասրահի մոտ: Սպասվում է, որ հսկայական Ռամզես Երկրորդը թանգարանի այցելուներին փառահեղորեն կդիմավորի թանգարանի մուտքի մոտ:
Եգիպտական մեծ թանգարանի առաջին հերթի բացումը պլանավորված է 2018 թվականին: 83 տոննա քաշով վարդագույն գրանիտից կերտված 11-մետրանոց արձանն ավելի քան 3 հազար տարեկան է:
Ռամզես Երկրորդ փարավոնը, որին հաճախ անվանում են «Հրաշքների փարավոն», «Արեւ-արքա», «Արքաների արքա», Եգիպտոսը մեծ տերություն է դարձրել իր հաղթանակների, նվաճումների, նոր տարածքների յուրացման, շինարարության եւ ոռոգման գործում ունեցած հաջողությունների շնորհիվ: Համարվում է, որ փարավոնն ապրել է հարյուր տարուց ավելի, ընդ որում 67 տարի նա կառավարել է Եգիպտոսը: Փարավոնն ավելի քան հարյուր երեխա ուներ 60 կանանցից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: