«Եկել է Իրանի հետ միջուկային գործարքում փոփոխություններ կատարելու ժամանակը». Փենս
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ եկել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթները փոխելու ժամանակը։
«Մենք միասին ենք դիմակայում ահաբեկչության գլխավոր հովանավոր հանդիսացող պետությանը՝ Իրանին: Նախագահ Թրամփի որոշումը՝ հայտարարելու, որ իր կողմից, Իրանի հետ միջուկային գործարքին համապատասխան, պատժամիջոցների չեղարկման երկարացումն ստորագրելը վերջինը կլինի, հստակ ազդանշան է մեր եվրոպացի դաշնակիցներին առ այն, որ եկել է համաձայնության մեջ փոփոխություններ մտցնելու ժամանակը,- ասել է Փենսը հունվարի 23-ին Երուսաղեմում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցությունների սկսելուց առաջ:-Իսկ եթե դաշնակիցները չանսան, նախագահ Թրամփը հստակ հասկանալ է տվել, որ մենք անհապաղ դուրս կգանք իրանական ատոմի շուրջ համաձայնագրից»:
Փոխնախագահը հավելել է, թե «հուսով է՝ իրադրությունը կշտկվի առաջիկա ամիսներին, ինչն օգուտ կբերի տարածաշրջանի անվտանգությանը, Իսրայելի անվտանգությանը եւ ամերիկյան շահերի անվտանգությանը»:
Իսրայելի նախագահի դիվանատանը Փենսի ելույթի հեռարձակումը հունվարի 23-ին իրականացրել է հրեական պետությունում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: