Բաժիններ՝

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակը

Նախօրեին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրողի այս աշխատանքին, որ նրա թվով երկրորդ արձակ ստեղծագործությունն է, հայ ընթերցասեր հասարակությունը ծանոթանում է առաջին անգամ: Երկի հիմքում հեղինակի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի անձնական կենսափորձն է, որ շարադրված է երրորդ դեմքով՝ հորինապատման սկզբունքով.

«Բավական ուշագրավ և հետաքրքիր են հեղինակի ընտրած ժամանակային լուծումները: Վիպակում գործողությունները զարգանում են մեկ օրվա ընթացքում, գլխավոր հերոսներից մեկը՝ Ռիվիերը, որ փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն է, ամեն գնով փորձում է պարտադրել գիշերային թռիչքների չվացուցակը, որը 1920-30-ական թվականներին օդաչուներից անօրինակ սխրանքներ պահանջող աշխատանք էր:

Այդ թռիչքներն օդաչուների համար շատ անգամներ դառնում էին կենաց-մահու պայքար: Եվ ահա Ռիվիերը գրասենյակում փակված՝ սպասում է գիշերային թռիչքի դուրա եկած երեք ինքնաթիռների վերադարձին: Մի կողմից՝ ընթերցողը մասնակից է դառնում Ռիվիերի ներքին ապրումների վայրիվերումներին, մյուս կողմից՝ հետևում երեք ինքնաթիռների երթուղուն: Ամպրոպի պատճառով ինքնաթիռներից մեկը՝ օդաչու Ֆաբիենի օդանավը, հայտնվում է անելանելի իրավիճակում:

Ինչ-որ պահից սկսած օդաչուն հասկանում է, որ ինքը դատապարտված է, բայց շարունակում է ճանապարհը: Թեև Ֆաբիենի օդանավը կործանվում է, բայց պատմության ողջ ընթացքում մենք ականատես ենք լինում, թե ինչպես է հերոսն ամեն վայրկյան փորձում անթափանց խավարից լույս մուրալ, ինչը նրան, մեծ իմաստով, հաջողվում է: Այս պատումը հոգու թռիչքի մասին է, որ ամեն գնով փորձում է անթափանց խավարից լույս կորզել»,- գրքի շնորհանդեսի մեկնարկին ներկայացնելով աշխատանքը՝ պատմում է թարգմանության հեղինակ Շուշանիկ Թամրազյանը:

Տեղեկացնենք, որ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանությամբ՝ Շուշանիկ Թամրազյանի: «Գիշերային թռիչքը» 1933 և 1979 թվականներին երկու անգամ էկրանավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս