Հայր Գուսանը տեղյակ է եղել, որ փոխարինվելու է. նրա կողմից հնչեցվող անհիմն մեղադրանքները և հայտարարությունները սոսկ պայմանավորված են վերջինիս կարգավիճակի հնարավոր փոփոխությամբ. Մայր Աթոռ
Օրերս 10 տիրադավներին հեռակա կոչով միացած Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդ Հայր Գուսանն իր հարցազրույցում նշել է, որ Վեհափառ Հայրապետի կողմից Շվեյցարիայի թեմում առաջնորդի նշանակումը հակականոնական է։
168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Հայր Գուսանը տիրադավության իր պատճառներն ունի. վերջինս տեղեկացվել էր իրեն այլ հոգևորականով փոխարինելու մասին. մեր տեղեկություններով՝ նրան Շվեյցարիայում փոխարինելու է մեկնելու Պարթև Սրբազանը՝ Գեղարքունիքի թեմակալ առաջնորդը:
Մենք դիմեցինք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին՝ խնդրելով պարզաբանել Հայր Գուսանի հայտարարությունն այն մասին, որ Վեհափառ Հայրապետի կողմից Շվեյցարիայի թեմում առաջնորդի նշանակումը հակականոնական է։
Մեզ պատասխանեցին՝ Հայր Գուսանն իր հարցազրույցում կամայականորեն խեղաթյուրում է իրողությունները:
«Շվեյցարիայի հայոց թեմի կանոնադրությունն այս պահին մշակման փուլում է։ Իսկ Նոր առաջնորդի նշանակումը տեղի է ունեցել Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Թեմական խորհրդի և տեղի երեք Ծխական խորհուրդների համատեղ ժողովում, որին ներկա էր նաև Տ․ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը։ Այս ամենը նաև փաստագրված է թեմական ժողովի մայիս 29, 2025 թվակիր ժողովի արձանագրությամբ։ Հայր Գուսանի կողմից հնչեցվող անհիմն մեղադրանքները և հայտարարությունները սոսկ պայմանավորված են վերջինիս կարգավիճակի հնարավոր փոփոխությամբ»,- ասացին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Այնպես որ, Հայր Գուսանի հայտարարությունը սոսկ մի մոտիվացիա ունի՝ «աբիժնիկություն»: Քանի դեռ իրեն չէին տեղեկացրել, որ փոխարինվելու է, ինքը հավատարիմ էր Վեհափառ Հայրապետին, ինչի մասին հրապարակային հայտարարություն է արել:
