Ստամբուլը կաթվածահար է. ուժեղ փոթորկից վնասվել է նաև Սբ. Սոֆիային կից մինարեթը

Ստամբուլում հունվարի 8-ի ուժեղ քամիները և փոթորիկը զգալի նյութական վնասներ են առաջացրել, ինչպես նաև կաթվածահար արել քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ քաղաքի տարբեր հատվածներում տապալվել է 45 ծառ, վնասվել և կամ քամուց քշվել է 89 տանիք, փլուզվել է մեկ լքված շինություն և մեկ հենապատ: Գրանցվել է շուրջ 350 ահազանգ։

Փոթորկի պատճառով ժամանակավորապես փակվել է Բոսֆորի նեղուցը, ամբողջությամբ չեղարկվել են նավային երթուղիները, իսկ Ստամբուլի և Սաբիհա Գյոքչենի օդանավակայաններում չեղարկվել է ընդհանուր առմամբ 97 չվերթ։ Քամու հետևանքով վնասվել է նաև 45 նավակ։

Ուժեղ եղանակային պայմանները վնասել են նաև պատմամշակութային ժառանգություն։ «Հիմնադրամների գլխավոր վարչության» հաղորդմամբ՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին կից Միմար Սինանի մինարեթին (Մահմեդական մզկիթներին կից աշտարակ) պատկանող ալեմը (աստղ-լուսնի և կամ կակաչի ձևով երկաթե գմբեթ – խմբ.) ընկել է տաճարի բակ։ Նշվում է, որ քամու թուլացումից հետո համապատասխան մասնագիտական խմբերն արդեն իսկ ձեռնարկել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի մի շարք շրջաններում ծառերն ընկել են նաև ավտոմեքենաների վրա, որոշ հատվածներում փակվել են ճանապարհներ, արձանագրվել են նաև տրանսպորտային պատահարներ։ Հայտնի է առնվազն 1 թեթև վիրավորի մասին։ Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել պահպանել զգուշավորություն:

Տեսանյութեր

Լրահոս