«Մեր երկրի ղեկավարի արածն ուղղակի զզվելի է, թող իր գործառույթներով ու մտերիմ շրջապատով զբաղվի, ոչ թե եկեղեցիով». Շահե Աճեմյան
Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն կիրակի գնալ եկեղեցի ու մասնակցել պատարագների, սակայն, ինչպես այսօր առավոտյան նա հայտարարեց՝ այլևս չի ասելու, թե կոնկրետ որ եկեղեցի է գնալու։ Նա նաև առաջարկ ներկայացրեց քահանաներին՝ ասելով, որ եթե իրեն հրավիրեն պատարագների, այս կամ այն մարզի որևէ եկեղեցի կգնա, բայց մեկ պայմանով՝ պատարագի ընթացքում չպետք է հնչեցնեն Վեհափառ հայրապետի անունը։
Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի խոսքով՝ Առաքելական եկեղեցուն ծառայող որևէ հոգևորական եկեղեցում երբեք չի զեղչի Վեհափառ հայրապետի անունը, իսկ ովքեր զեղչում են, նրանք չեն կարող ծառայել Առաքելական եկեղեցուն։
«Գիտեք, ամեն ինչ գիտակցությունով է, հիմա գիտակցություն ունեցար՝ կարող ես սխալներ չանել, չունեցար՝ անում ես, ինչպես, օրինակ, անում են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած անձինք։ Մեր ազգին մեջ ամեն տեսակի մարդ կա, խելացի, անխելք, կիրթ ու անկիրթ, հիմա ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանի գաղափարները կիսող մարդիկ ի՞նչ մարդիկ են, դիտարկումները թողնում եմ ընթերցողներին։
Խորհրդային Միության փլուզումից հետո մարդիկ սկսեցին գնալ եկեղեցի, եկեղեցում ամուսնանալ ու մկրտվել, քահանայով կատարել հուղարկավորություններ, մենք հազիվ այդ ամենին սովորեցինք, հիմա փորձում են կրկին ամեն ինչ աղավաղել, բայց ասեմ՝ չեն հաջողելու։
Հիմա Նիկոլ Փաշինյանին միացած այս 10 եպիսկոպոսները, Նիկոլ Փաշինյանի գաղափարները կիսող մարդիկ, եթե նույնիսկ եռապատկվեն, մեկ է՝ չեն կրող ոչնչացնել 1700 տարվա եկեղեցին կամ ազգընտիր Վեհափառին հեռացնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շահե Աճեմյանը։
Նա վստահ է՝ Առաքելական եկեղեցին հավերժ կմնա, բայց Նիկոլ Փաշինյանն իր 10 եպիսկոպոսներով ու հետևորդներով կանհետանա։
«Մեր Վեհափառը սուրբ Մյուռոնով օծված կաթողիկոս է, դրա համար մեր երկրի ղեկավարի արածն ուղղակի զզվելի է։ Աշխարհում դուք չեք գտնի մի պետություն, որի ղեկավարը՝ իր գործը թողած, քիթը խոթի եկեղեցու ներքին գործերի մեջ, կամ միջամտի կրոնական հարցերին։ Ասում ենք՝ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն ենք, բայց մեր երկրի ղեկավարն այնպես է անում, որ դառնանք նաև առաջին երկիրը, որն առաջինն է ոտատակ տալիս այդ արժեքները։ Բայց ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, իրենից ի՞նչ է ներկայացնում, որ 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցու օրենքներում ուզում է փոփոխություն կատարել։ Նա թող իր գործառույթներով ու մտերիմ շրջապատով զբաղվի, ոչ թե եկեղեցիով»,- շեշտեց Շահե Աճեմյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր ազգը պետք է Վեհափառի ու եկեղեցու կողքին կանգնի, քանի որ իշխանությունը ժամանակավոր է՝ «ջրի երես ելած ժամանակավոր խութ», եթե ոչ այսօր, ապա վաղը հեռացվելու է։
Նա իշխանություններին հորդորեց կարդալ պատմաբան Լեոյին, որպեսզի ավելի լավ հասկանան, թե հայ ժողովրդի ու հայոց պետականության համար Առաքելական եկեղեցին ինչ դերակատարում է ունեցել։ Լեոն ամեն ինչ շատ պարզ ու հստակ նկարագրում է եկեղեցու դերն ու նշանակությունը։
«Ինքս անձնապես Առաքելական եկեղեցու զինվորն եմ, Վեհափառ հայրապետի կողքին, ու ամեն պահի էլ նրա կողքին եմ կանգնելու։
Իշխանությունը եկեղեցին քանդելու գործում հույսը դրել է այն զանգվածի վրա, որն այսօր իրեն սատարում է, եթե այդ զանգվածը դարձի գա՝ իշխանությունը ձեռնունայն կանգնելու է փողոցում։ Հույս ունեմ, որ այդ մարդիկ դարձի կգան, Նիկոլի հետևից չեն գնա, որովհետև մեկ է՝ չեն հաջողելու ու վերջում ամոթով են մնալու Վեհափառի ու Առաքելական եկեղեցու առջև»,- ընդգծեց Շահե Աճեմյանը։
