«Սերժ Սարգսյանը կադրեր է պատրաստում իր համար». Մանվել Սարգսյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի համար սպասելի էր ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու փաստը։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ա.Սարգսյանի թեկնածության մասին խոսվում էր, և պարզ էր, թե ով է լինելու նախագահի հաջորդ թեկնածուն։
Ըստ նրա՝ այս առաջադրումը Սերժ Սարգսյանի տրամաբանության շարունակությունն է, որ համապատասխան կադրեր է պատրաստում իր համար, և գրեթե նույն աչքով էլ նայում էին Կարեն Կարապետյանի վարչապետությանը։
«Շարունակությունն է, որ Սերժ Սարգսյանը կարողանա ապահովել իր վերարտադրությունն իշխանական համակարգում, որպեսզի հետագայում վտանգներ չլինեն, իրականության մեջ ինքը որպես ֆիգուր չլինի։ Բավական է, որ որևէ մեկն այդ նշված մարդկանց մատնանշի, որ ինքը խանգարում է, որ նա՝ որպես քաղաքական գործիչ, վերանալու է։ Դրա համար բերում է մի քիչ տիկնիկային դեմքերով, շարում է։ Պառլամենտում էլ մենք տեսնում ենք ապաքաղաքական, որևէ ազդեցություն չունեցող մարդկանց։ Նույնն այս դեպքում է կատարվում»,- ասաց Մ.Սարգսյանը։
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանի խոսքը, որ իրեն ժամանակ է հարկավոր մտածելու համար, հեքիաթ է. «Հո չի՞ գալու նստի, ասի՝ լավ բան ես անում։ Հեքիաթներ են»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը՝ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյան: