«Այդ տիպի նախագահը կարող է լինել դրսի համար որոշակի այցեքարտ». Անուշ Սեդրակյանը՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

«Քանի որ ես վառ արտահայտված արևմտամետ դիրքորոշում ունեմ, ինձ համար, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանը համեստ, ոչ այդքան բացահայտ արևմտամետ գործչի կերպար է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն է առաջարկել ՀՀ նախագահի պաշտոնում:

Ա. Սեդրակյանը նկատեց, որ Ա. Սարգսյանը մի անգամ Հայաստանում ունեցել է անհաջող քաղաքական գործունեության փորձ, որը պասկվեց տապալումով: Նշենք, որ Ա. Սարգսյանը 1996-1997 թվականներին եղել է ՀՀ վարչապետ. «Այստեղ նա դրսևորեց թուլություն և հեռացավ դաշտից, սակայն կարող ենք ակնկալել, որ, համենայն դեպս, նախագահի սահմանափակ ֆունկցիաների շրջանակներում այդ տիպի նախագահը կարող է լինել դրսի համար որոշակի այցեքարտ»:

Մեր զրուցակցին մի բան է մտահոգում. «Ընդունենք՝ մենք ստեղծեցինք Հայաստանի ներկայացուցչական այդ ֆասադը: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ ՀՀ նոր նախագահը գա կոռուպցիոն ծրագրերով, նա դրա կարիքը չունի ու ոչ էլ այդ բնույթի մարդ է, բայց այդ ֆասադը եթե չհամապատասխանի իրականությանը, իսկ ներկա պահին այն չի համապատասխանում ո՛չ Հայաստանի կոռուպցիոն դեմքին, ո՛չ Հայաստանի տնտեսական վիճակին, դա քայքայելու է ապագա նախագահի իմիջը: Բայց ինձ թվում է՝ Արմեն Սարգսյանը բավականաչափ հավասարակշռված անձնավորություն է, նա այդ մարտահրավերներին լավ տեղյակ է: Մի կարևոր ֆունկցիա նա կարող է կատարել՝ փորձել համապատասխանեցնել իր արևմտյան քաղաքակիրթ վարույթը և Հայաստանի ընդհանուր վիճակը: Եթե այդ ֆունկցիան չկատարվեց, նա մնալու է բուտաֆորիկ ֆիգուր, իսկ ես չեմ կարծում, որ որևէ մեկը, մանավանդ՝ նման չաղտոտված վարկանիշով, կուզենա մնալ այդ կարգավիճակում, դրա համար նա իր առջև շատ խնդիրներ ունի դնելու: Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում սա վատագույն ընտրությունն էր, չեմ կարող ասել նաև լավագույնի մասին, որովհետև կապրենք՝ կտեսնենք»:

Հարցին՝ վարչապետի և նախագահի փոփոխություններն ընդհանրապես ի՞նչ կարող են փոխել երկրում, Ա. Սեդրակյանն այսպես պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք, որ այդ ֆունկցիոնալ բաժանումը նոր է եղել: Հայաստանում ամեն ինչը կենտրոնացված էր նախագահի կերպարի վրա, հիմա միգուցե Սերժ Սարգսյանն ուզում է որոշակի առումով լիազորությունների բաժանում իրականացնի, բայց, միևնույն է, երկրի կառավարման, կոռուպցիոն ռիսկերի, բանակային խնդիրների առյուծի չափաբաժինն էլի ընկնելու է նրա ուսերին: Փոփոխություն կարելի է ակնկալել միայն այն պարագայում, եթե Սերժ Սարգսյանն ինքն անձամբ որոշել է փոփոխություն մտցնել նախկին կառավարումներում, իսկ եթե ինքը որոշել է նույն ձևով շարունակել, ուրեմն՝ որևէ փոփոխություն չի կարող լինել այս բաժանումից»:

Մեր դիտարկմանը, որ շատ է խոսվում, որ, եթե համակարգը չի փոխվում, ավելի լավ է՝ հենց Սերժ Սարգսյանը լինի վարչապետը, քան՝ ստվերային ձևով ղեկավարի երկիրը, Ա. Սեդրակյանն այսպես արձագանքեց. «Ստվերային կառավարում Հայաստանում չի կարող լինել, Հայաստանը չունի այդ ռեսուրսը: Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակները մեր աչքի առաջ հառնում են և ապացուցում են, որ ինչքան էլ նախկին լծակներին տիրապետող մարդիկ փորձել են ստվերային ազդեցություն ունենալ, նրանք ինչ-որ չափով ունեցել են այդ ստվերային ազդեցությունը, բայց այդ ստվերային ազդեցությունն անմիջապես չքացել է ռեալ ուժի և լծակների առջև: Ինչո՞ւ է դա այդպես կատարվում. ստվերային կառավարման մեջ գոյատևելու համար դու պետք է հսկայական քաղաքական կապիտալ ունենաս, դու պետք է դեռ հեռվից, աքսորված վիճակում համախմբես զանգվածներ, կարողանաս համահունչ լինել քաղաքական «mainstream»-ի հետ: Հայկական քաղաքական «mainstream»-ը պատեհապաշտ «mainstream»-ն է, և նա, իհարկե, իր բոլոր գրավները դնում է գործող ուժի վրա: Դրա համար եկեք ստվերային կառավարումից չխոսենք, դա անիրատեսական է Հայաստանում»:

Մեր ճշտող հարցին էլ՝ հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը չի՞ հեռանա, Ա. Սեդրակյան այսպես պատասխանեց. «Իհա՛րկե չի հեռանա, ես ուղղակի վստահ եմ, որ նա չի հեռանա»:

Տեսանյութեր

Լրահոս