Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեի առջև հստակ խնդիր է դրել՝ տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորում ապահովել: «ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն, հետևողական միջոցառումներ ենք իրականացնելու բիզնեսի բոլոր շղթաներում՝ ձեռքբերումների և իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը 100 տոկոսով ապահովելու ուղղությամբ»,- ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
Դրական գնահատելով ՊԵԿ-ի 2017 թվականի գործունեությունը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ հանձնարարել է բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակել հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները և հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստանում օրինակելի բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է հնարավորինս լայնածավալ երկխոսություն վարել բիզնեսի հետ, որպեսզի տնտեսվարողների համար հասկանալի լինեն ՊԵԿ պահանջները, վարքագիծն ու քաղաքականությունը, մյուս կողմից՝ հստակ իմանան իրենց անելիքները»,- ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ հունվարի 17-ից համակարգում մեկնարկել են ոլորտային հանդիպումներ: Ինչպես և նախորդ տարի, հարկ վճարողներին ներկայացվում են ոլորտի ընդհանուր ռիսկերն ու դրանց նվազեցման քայլերը: Առաջին հանդիպումը առողջապահության ներկայացուցիչների հետ էր: Նրանց դիտարկմամբ՝ երկխոսությունը հնարավորություն է տալիս ոլորտի պատասխանատուների հետ գործընկերային մթնոլորտում անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության պարզեցման և առավել բարենպաստ պայմանների ապահովման նպատակով նախատեսվում է գործարկել հորիզոնական մոնիթորինգի համակարգը: «Բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր իրենց ֆինանսատնտեսական գործունեության տվյալներն առցանց հասանելի կդարձնեն ՊԵԿ-ին, չեն ներառվի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներում և ընթացիկ հսկողական աշխատանքներում՝ որակվելով ոչ ռիսկային: Իսկ օրինապահ տնտեսվարողների նկատմամբ աշխատանքները սահմանափակվում են անլուր դիտարկմամբ»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
Ոլորտային հանդիպումները շարունակվում են տնտեսության մյուս ճյուղերի ներկայացուցիչների հետ: