«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Հայաստանի կողմից կապ չունի ԵՄ անդամ երկրների վավերացման հետ». փորձագետ

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից չի խոչընդոտում Հայաստանին՝ վավերացնել համաձայնագիրը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի քաղաքական վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի դիտարկումներին: Դեսպանը նախօրեին նշել էր, որ ԵՄ-ն լավ սկսեց և նախորդ նախագահությունը ստանձնած երկիրը՝ Էստոնիան, առաջինն էր, որ վավերացրեց համաձայնագիրը, ինչը հստակ ազդանշան էր բոլոր գործընկերներին:

«Վավերացման գործընթացը սովորաբար հիմնվում է օրենսդրական գործընթացների վրա: Գործընթացի պարզ կամ բարդ լինելը կախված է յուրաքանչյուր երկրի օրենսդրությունից: Մասնավորապես, դաշնային պետություններում ցանկացած միջազգային համաձայնագիր պահանջում է մանրամասն գործընթաց, ծանր աշխատանք:

Մենք լավատես ենք, ամենակարևորն այն է, որ համաձայնագիրը կարող է սկսել իրականացվել այս տարի, հուսանք՝ գարնանից, սա պահանջում է միայն Հայաստանի կողմից վավերացում: Երբ ընթերցեք համաձայնագրի տեքստը, այնտեղ մի գործընթաց կա, որը սկսելու է գործել ինքնաշխատորեն:

Իհարկե, համաձայնագրի որոշ մասեր չի լինի իրականացնել առանց վավերացման շրջանակն ամբողջությամբ ավարտելու, դժվար է ասել, թե երբ դա հնարավոր կլինի, բայց եղած ազդակներից կարող ենք ասել, որ մենք միանգամայն հիմքեր ունենք լավատես լինելու»,- ասել էր դեսպանը: Եվրոպացի քաղաքագետն ասաց, որ վավերացնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ Էստոնիան կարծես խորհրդանշական քայլ կատարեց՝ հերթը փոխանցելով ԵՄ անդամ մյուս երկրներին: «Այս քայլին լուրջ քաղաքական երանգ հաղորդելու կարիք չկա, քանի որ կարևոր չէ, թե որ երկիրն է համաձայնագիրը վավերացնում առաջինը:

Սովորաբար համաձայնագրերի վավերացման գործընթացներն ավարտվում են մեկ տարվա ընթացքում, և դա ըստ էության առնչություն չունի համաձայնագիրը ստորագրած երկրի կողմից համաձայնագրի վավերացման գործընթացի հետ: Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան ստորագրեցին Ասոցացման համաձայնագրեր և սկսեցին անհրաժեշտ աշխատանքը:

Ընթացքում եղան խնդիրներ, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, դրանք չանդրադարձան այս երկրների կողմից ասոցիացման աշխատանքների վրա: Այսինքն` մտավախությունները, որ ԵՄ երկրների կողմից համաձայնագրի վավերացման ուշացումը կանդրադառնա Հայաստանի կողմից համաձայնագրի իրականացման վրա, անհիմն են»,- ասաց Լոռ Դելքուրը:

Նա պարզաբանեց Սվիտալսկու այն դիտարկումը, թե համաձայնագրի որոշ մասեր չի լինի իրականացնել՝ առանց վավերացման շրջանակն ամբողջությամբ ավարտելու, ասելով, որ դա, ամենայն հավանականությամբ, վերաբերում է համաձայնագրի այն հատվածներին, որոնց համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամ երկրների մանդատը:

Նրա խոսքով, այդ հատվածները սովորաբար վերաբերում են ֆինանսավորմանը:

«Մնացած բոլոր դեպքերում ամենակարևորը Եվրոպական հանձնաժողովի մանդատն է, որը տվել է բանակցությունների մանդատը, ապա բանակցել և որոշել համաձայնագրի բովանդակությունը, ԵՄ անդամ երկրները սովորաբար վավերացնում են և խնդիրներ չեն ստեղծում: Բայց ԵՄ-ում ներկայումս շատ են խնդիրները, և Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են, որը որոշակի վերաբերմունք է ստեղծել նաև Հայաստանի նկատմամբ: Բայց Հայաստանի կողմից համաձայնագրի ստորագրումը դրական ազդակ էր բոլոր այն երկրներին, որոնք բացասաբար են տրամադրված ՀՀ-ԵՄ մերձեցման գործընթացի նկատմամբ, այդ ստորագրմամբ վստահությունը վերականգնվում է Հայաստանի նկատմամբ:

Սակայն համաձայնագրի վավերացումն ամենակարևոր փուլն է այս ողջ գործընթացում, քանի որ վստահեցումների խոսքերից պետք է անցնել գործի»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս