Իշխանությունն անսպասելի իրավիճակում. զուգահեռ գործընթաց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գնաճի հանդեպ իշխանության վերաբերմունքը մի կողմից լինելով սպասելի եւ օրինաչափ, մյուս կողմից բավական տարօրինակ է եւ թողնում է հակասական տպավորություն:

Այն, որ մի շարք հարկատեսակների ավելացումը բերելու էր գնաճի, թերեւս պարզ պետք է լիներ անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար, ուր մնաց կառավարության եւ խորհրդարանի համար:

Թեեւ իհարկե պետք է խոստովանել, որ թե կառավարությունում, թե խորհրդարանում կան անձինք, որոնց ինտելեկտը եւ մտածելու կարողությունն ավելի բարձր չէ, քան նախադպրոցական տարիքը:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ անկախ անձնական որակներից եւ մոտիվացիաներից, կառավարության եւ խորհրդարանի գերակշռող մասը անկասկած հիանալի պատկերացնում է, թե ինչ է անում, եւ ըստ այդմ գնաճը որպես հարկերի ավելացման հետեւանք, պատկերացնում էին նույնպես:

Հետեւաբար, կամ գործ ունենք պարզ մեխանիզմի հետ, երբ իշխանությունը գնում է ոչ պոպուլյար քայլի եւ պատրաստ է սուր արձագանքի դեպքում կատարել որոշակի հետքայլեր, այսինքն՝ վաղօրոք պլանավորել է նաեւ հետքայլերի որոշակի տարածություն եւ, այսպես ասած, միջինացված մի իրավիճակ, կամ էլ իշխանությունը հայտնվել է իր համար էլ որոշակի անսպասելի իրավիճակում եւ փորձումէ փնտրել ինչ-որ մեղավորների:

Դա է վկայում Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը գնաճի թեմայով, հետո ԱԺ լսումներ անցկացնելու մասին, այսպես ասած, հորդորը խորհրդարանին, նաեւ այդ լսումների ելքին սպասելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, նաեւ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի, այսպես ասած, «բլից-կրիգը» ՊԵԿ ուղղությամբ, երբ մեկը վարչապետի բացակայությամբ իր մոտ էր կանչել ՊԵԿ նախագահին, մյուսը արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո այցելեց ՊԵԿ:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, նախօրեին, որ պատրաստում են լուծումների օրենսդրական փաթեթ, որը կքննարկեն խորհրդարանն ու կառավարությունը միասին: Խոսքը մեծամասնության, այսպես ասած, միասնական թիմ լինելու մասին էր:

Եթե բանը լոկ քարոզչությունն էր, ապա հազիվ թե իրավիճակը ծավալվեր այդօրինակ բազմաքայլ սկզբունքով՝ բավարար կլիներ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, կտրվեին շատ կոնկրետ հանձնարարականներ շատ կոնկրետ մարդկանց, եւ հարցը կփակվեր Սարգսյանի դիվիդենտները հաշվելով:

Մինչդեռ իրադարձությունները ծավալվում են բազմաքայլ սկզբունքով, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանությունը միայն քարոզչության խնդիրը չէ, որ լուծում է՝ լուծվում են այլ խնդիրներ, որոնք էլ թերեւս անսպասելի են ի հայտ եկել, գոնե իշխանության որեւէ մասի համար:

Կոնկրետ Սերժ Սարգսյանի համար կա՞ անսպասելի իրողություն, կամ ո՞ր մասով, իհարկե միարժեք ասել դժվար է: Այստեղ շոշափվում է «Ելք» դաշինքի նախաձեռնությունը, զանգվածային բողոքի երթ անցկացնելու վերաբերյալ: Սպասելի՞ էր իշխանության համար այդ նախաձեռնությունը, եւ արդյո՞ք այն իր մեջ պարունակում է լուրջ ռիսկեր:

Դրանք որքան հիպոթետիկ, նույնքան նաեւ պրակտիկ հարցեր են ելնելով այն հանգամանքից, որ ԵԼՔ-ի նախաձեռնությունը գործնականում կարող է, այսպես ասած, միջոց դիտարկվել նաեւ այն շերտերի համար, որոնք իշխանության ներսում են, բայց դարձյալ դժգոհ են առկա իրավիճակից:

Չի բացառվում, որ իշխանությունը հենց այդ նկատառումով նաեւ սկսում է զուգահեռ գործընթաց, այսպես ասած, ներիշխանական տարբեր թեւերին «պարապ» չթողնելու, ըստ այդմ՝ նրանց վարքագիծը կառավարելի եւ վերահսկելի պահելու համար, որպեսզի հանկարծ նրանցից որեւէ մեկը՝ կամ գուցե հստակ կասկածվող որեւէ մեկը «ջուր» չլցնի ԵԼՔ-ի «ջրաղացին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս