Պայքար՝ գնաճի ուրվականի դեմ
ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հունվարի 23-ին, ժամը 11:00-ին հրավիրվում է առանձին ապրանքատեսակների գնաճը մեղմելու հարցերը քննարկելու խորհրդարանական լսումներ: Այս մասին երեկ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ լսումները նախաձեռնվում են՝ հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքատեսակների գների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև այս հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունները։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տոներից անմիջապես հետո՝ հունվարի 10-ին, խորհրդակցություն էր անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:
Նա նշել էր, որ պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով մրցակցության պայմանները՝ իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սերժ Սարգսյանը պահանջել էր՝ նաև գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի, ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:
Իսկ «Ելք» դաշինքը, ինչպես հայտնի է, հունվարի 19-ին երթ է կազմակերպում՝ ընդդեմ գնաճի։
Լրագրողների, տնտեսագետների, փորձագետների TOP թեմաներից մեկը գնաճն է։ Կարճ ասած, բոլորը խոսում են գնաճի մասին. շարքային քաղաքացուց՝ մինչև երկրի նախագահ։ Իսկ որքանո՞վ են աճել գները, որ բոլորս անհանգստացած ենք։
Մի քանի օր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց նաև 2017թ. դեկտեմբերի ցուցանիշները։ Պարզվեց, որ 12-ամսյա գնաճը՝ 2017թ. դեկտեմբերին 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, 2.6% է՝ գնաճի թիրախային միջակայքի ստորին շեմի մոտ։ Իսկ տարվա ընթացքում միջին գնաճը կազմել է 1%։ Իհարկե, 2015 և 2016թթ. համեմատ գնաճը բարձր է։ 2015թ. դեկտեմբերին՝ 2014-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է 0.1% գնանկում։ 2016թ. դեկտեմբերին՝ 2015թ. դեկտեմբերի համեմատ, գնանկումը հասավ 1.1%-ի։ Գնանկումը պակաս մտահոգիչ չէ, քան չափից դուրս բարձր գնաճը։
Սակայն սպառողական շուկայում գնաճը, որը թիրախավորում է Կենտրոնական բանկը, 4% է՝ +/- 1.5%։ Այսինքն, գնաճի ցանկալի միջակայքը 2.5%-5.5%-ն է։ Խոսքը վերաբերում է 12-ամսյա գնաճին՝ յուրաքանչյուր ամիսը՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Հենց դրա համար են պատկան մարմինների ներկայացուցիչները նշում, որ գնաճի տեմպը ոչ միայն սարսափելի չէ, այլև թիրախային մակարդակին էլ չի հասել։
Միգուցե կասեք՝ անհանգստությունների պատճառը ոչ թե արդեն եղած, այլ սպասվող թանկացումներն են։ Սակայն դրանք նորություն չէին։ Այն, որ որոշ ապրանքատեսակների գծով մաքսատուրքերն ավելանալու են՝ համապատասխան չափով թանկացնելով այդ ապրանքների վերջնական գները, հայտնի էր դեռ 2014-ի վերջից, երբ հստակեցվել էին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանները։ Հարկային օրենսգրքով պայմանավորված թանկացումները նույնպես նորություն չէին՝ դեռ քննարկումների փուլում արդեն հայտնի էր ակցիզային հարկի և մնացած նորամուծությունների մասին։
Այս ամենը ոչ միայն հայտնի էր, այլև, մասնավորապես՝ Կենտրոնական բանկի կողմից, հստակ գնահատականներ են տրվել, թե Հարկային օրենսգրքի որոշ դրույթների և ԵԱՏՄ որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերի ուժի մեջ մտնելն ինչ ազդեցություն է ունենալու գների վրա։ ԿԲ-ն գնաճի կարճաժամկետ կանխատեսումներում հաշվի է առել 2018-ից ակցիզային հարկի, ինչպես նաև՝ մի շարք ապրանքների գծով մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության ազդեցությունները:
Հաշվի է առնվել, որ ակցիզային հարկի մասով հիմնականում փոփոխություն կկրեն սպիրտային խմիչքներից, ծխախոտից, բենզինից, քսայուղերից, սեղմված բնական գազից գանձվող ակցիզային հարկի դրույքաչափերը: Բացի դիզելային վառելիքից, ակնկալվում է բոլոր ապրանքատեսակների գծով ակցիզային հարկի դրույքաչափի աճ:
Հաշվի է առնվել նաև ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունը, որը ենթադրում է սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի դրույքաչափերի աճ (ԵԱՏՄ շրջանակներում 2018-ից բարձրանալու են մոտ 200 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնք ազդելու են ՀՀ սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակի վրա)։ Մաքսատուրքերի դրույքաչափերի ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա ԿԲ-ն գնահատել է 0.4 տոկոսային կետ:
Եվ վերջապես, Կենտրոնական բանկի մասնագետների կանխատեսումների ժամանակ հաշվի են առնվել մսամթերքի ու կարագի շուկաներում ձևավորված գնաճային ճնշումները, ենթադրվել է, որ այս ապրանքախմբերում գնաճային միտումները կշարունակվեն` պայմանավորված առաջարկի դանդաղ վերականգնմամբ:
Այս ամենով հանդերձ՝ այս բոլոր փոփոխությունների ուղղակի ազդեցությունը գնահատվում է 0.92 տոկոսային կետ, իսկ ընդհանուր ազդեցությունը, ըստ ԿԲ-ի, կկազմի մինչև 1 տոկոսային կետ: Այսինքն՝ եթե գրանցվելու էր, պայմանականորեն, 3% գնաճ, ապա Հարկային օրենսգրքի և ԵԱՏՄ-ի «պատճառով» գնաճը կկազմի 4%։
Այս գնահատականները Կենտրոնական բանկը ներկայացրել էր դեռ անցած տարվա նոյեմբերին։ Ստացվում է, ըստ ԿԲ-ի, Հարկային օրենսգրքի և ԵԱՏՄ մաքսատուրքերի ազդեցությունը գնաճի վրա չնչին է՝ 1 տոկոսային կետը չի կարելի ցնցումային աճ համարել։ Ավելին, 2018թ. առաջին այդ ազդեցությունը գնահատվում է ընդամենը 0.4 տոկոսային կետ։ Կարճ ասած, ԿԲ-ն հավաստիացնում է, որ անհանգստանալու կարիք չկա, և գները վերահսկողությունից դուրս չեն գա։
Իսկ ԿԲ-ի պրոֆեսիոնալիզմի հարցում կասկածներ ոչ ոք չունի։ Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հասարակության, ընդդիմության և, առավելևս՝ իշխանության անհանգստությունը (Նախագահի մոտ խորհրդակցություն, իշխող քաղաքական ուժի նախաձեռնությամբ՝ լսումներ ԱԺ-ում)։
Պատասխանը մասամբ պարզ է դառնում, երբ նայում ենք այս գծապատկերին։ Նախ, ինչպես տեսնում եք, չնայած ընդհանուր գները բարձրացել են 2.6%-ով, սննդամթերքը թանկացել է 5.3%-ով։ Բացի այդ, թանկացումը տեղի է ունեցել գրեթե միանգամից՝ տարվա վերջին 2 ամիսներին։
Սննդամթերքի թանկացումը առավել սուր է զգում անապահով խավը, որի համախառն սպառման մեջ մեծ տեսակարար կշիռ ունի։ Ու երբ այդ թանկացումը կտրուկ է լինում, ռեակցիան, բնականաբար, շատ ավելի սուր է լինում։ Մյուս կողմից՝ այս տարվա բյուջեով թոշակների և պետական հատվածի աշխատավարձերի աճ չի նախատեսվում։
Սա նշանակում է, որ սոցիալապես խոցելի խավի (և հատկապես՝ թոշակառուների) գնողունակությունն արդե՛ն իսկ նվազել է և այս տարի կշարունակի նվազել։ Մյուս կողմից, թե՛ հասարակությունը, թե՛ հատկապես իշխանությունը բավականին լավ են ճանաչում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում գործող, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին, լավ գիտեն նրանց ախորժակն ու այն, որ վերջիններս հակվածություն ունեն ցանկացած պատրվակ օգտագործելով՝ բարձրացնել որոշ ապրանքների գները։
Իսկ ի՞նչ կարող է անել պետությունը՝ գնաճի հարցում։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Գների սպասվող աճը պայմանավորված է միջազգային կառույցների կողմից պարտադրված Հարկային օրենսգրքով և ԵԱՏՄ դրույքաչափերով։ Այսինքն, սրանք փոխելու մասին խոսելը միամտություն է։
Գնաճը փոխհատուցելու համար պետությունը կարող է ավելացնել նաև մարդկանց եկամուտները, սակայն ռեսուրսներ չկան։ Թոշակներն ու աշխատավարձերը, ինչպես նշեցինք, այս տարի չեն ավելանա։ Իսկ սուբսիդավորման հնարավորությունը, որի մասին խորհրդակցության ժամանակ խոսում էր երկրի նախագահը, սահմանափակ է, քանի որ ռեսուրսներ է պահանջում։
Պետության հիմնական անելիքն այս պահին որոշ տնտեսվարողների ախորժակը զսպելն է։ Իհարկե, դա կարելի էր անել նաև ոչ հրապարակային՝ շուկայի մեծ խաղացողներին զգուշացնելով, որ չփորձեն «խաղեր տալ»։ Սակայն գնաճի մասին հրապարակային խոսելով՝ իշխանությունը ոչ միայն մեսիջ է հղում հանրությանը, որ մտահոգ է նրանց սոցիալական վիճակով, այլ նաև փորձում է ազդել սպասումների վրա։ Որովհետև խուճապը կարող է «չեղած տեղից» գների աճ սադրել։