«Չեմ բացառում, որ մարտին ադրբեջանցիները կփորձեն արկածախնդրության գնալ». Արամ Գ. Սարգսյան
«Կարևոր ներքաղաքական միջոցառումներից, ընտրություններից, տարբեր իրադարձություններից առաջ սահմանային միջադեպեր միշտ էլ գրանցվում են։ Եթե նկատել եք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ կամ դրանցից հետո սահմանային միջադեպեր միշտ լինում են, դիպուկահարներն աշխատում են, այս առումով՝ բացառություն չի կարող լինել նաև այդ ժամանակահատվածը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին, թե՝ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ հնարավո՞ր է ակտիվացում շփման գծում, նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ նման սրացումների միջոցով Ադրբեջանի իշխանությունը հանրության ուշադրությունը փորձում է շեղել այլ ուղղությամբ և կրկին մեղադրել հայերին բոլոր մահացու մեղքերի մեջ. «Եթե Ադրբեջանում դեմոկրատիա չկա, հայերն են մեղավոր, եթե սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, հայերն են մեղավոր, և այլն։ Այսինքն՝ նման դեպքերը սպասելի են, ու պետք է պատրաստ լինենք՝ ճիշտ, ժամանակին և պատշաճ ձևով դրանց պատասխանելու համար»։
Իսկ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանի համար ավելի կարևոր են ոչ թե իրենց ընտրությունները, որտեղ ամեն ինչ կանխորոշված է, այլ ՌԴ նախագահի ընտրությունները. «Այդ ընթացքում ՌԴ-ն ավելի սևեռված է լինելու իր ներքին խնդիրները կարգավորելու վրա, այդ ընթացքում, հաշվի առնելով փորձը, երբ 2008թ. Ռուսաստան-Վրաստան բախումը եղավ, նա փորձեց օգտագործել դա և հարձակում կազմակերպել Հայաստանի և Արցախի վրա, բայց վրացիները տանուլ տվեցին, և նա հետ կանգնեց այդ ծրագրից։ Հիմա էլ կարող է այդ իրավիճակն օգտագործել, և չեմ բացառում, որ մարտին ադրբեջանցիները կփորձեն արկածախնդրության գնալ։ Դրա համար մենք շատ ավելի ամուր պետք է լինենք, որ կանխարգելենք պատերազմի վերսկսումը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում